Մի մշտական տագնապ խռովում է մեր սիրտը: Հարյուրամյակների էթնիկ թշնամին չի փոխել իր բնությունը: Եվ ոչ էլ մենք ենք ավելի իմաստուն դարձել: Ամեն օր հետևում եմ հայ-թուրքական երկխոսություն-հակամարտությանը: Թուրքին մի քիչ տեսել ու ճանաչել եմ... Նրանք, ովքեր մոտից գիտեն ազերի ժողովրդին, վստահ կասեն, որ այդպիսի ժողովուրդ չկա – կա թուրք ազգը… Երբ աշխատում էի Վարդենիսում, օրական մոտ տասը թուրք հիվանդ էի ընդունում, և բժիշկներիս մտքով չէր անցնում նրանց ադրբեջանցի կոչել…

Եվ ահա, հայ-թուրք հազարամյա հակամարտության ներկա փուլը: Նրա մեջ խառնված են և խոսում են երկրների նախագահներ, դիվանագետներ, հետախույզներ, լրագրողներ, հասարակ մարդիկ: Այդ «գեոպոլիտիկ» ճաշը այնքա՜ն համեր, նրբերանգներ, փչացած մասեր, թունավոր հատվածներ, եսակենտրոն հաշվարկներ և այլն ունի… Այդ ՃԱՇԻ մեջ ճշմարտություն չկա: Այնտեղ հայ-թուրքական հակամարտության լուծում չկա…

Լուծումը մի ուրիշ հարթության վրա է: Որպեսզի մտովի հայտնվենք այդ հարթության վրա, մի քանի պոստուլատի հետ պետք է համաձայնենք: Առաջին` հայ ազգը, ինչպես ամեն կենդանի գոյություն, աստվածարյալ է: Չմոռանանք, որ թուրք ազգը ևս աստծո ստեղծածն է: Այս երկու աստվածարյալ հավաքականությունները իրենց դառը հակամարտությունը հասցրեցին մինչև այժմ, երբ մոլորակի վրա ընթանում են վերակերտման, նորոգման պրոցեսներ: Միայն միամիտը կկարծի, թե հայ-թուրք հակամարտությունը կարող է լուծվել այդ պրոցեսների ենթատեքստից դուրս:

Սրտի ու մտքի երևակայությամբ ՀԱՅ-ԹՈՒՐՔ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ մի օր կդրվի արարչական լուծումների սեղանին: Եվ կկանգնենք այդ լուսակերտ սեղանի առջև մեր ամբողջ Սիրով, Հավատով, Մշակույթով, Արդարությամբ, մեր Ֆիզիկական և Հոգևոր Ուժերով: Եվ հակառակորդն էլ կկանգնի նույնական իր հատկանիշներով… Երկու կողմն էլ կունենան իրենց թիկունքին Արարչական Արդարությունը: Եվ Վերևից կցայտի Լույսը այդ Հիմնախնդրի վրա… Եվ Արդարության արարչական միջուկի մեջ Հիմնախնդիրը լուծում կստանա:

Մեզ մնում է արթուն լինել: Պատրաստ լինել: Ոչ միայն զինական ուժով: Պատրաստ լինել նախ և առաջ Հավաքական Էթիկայով: Հայ էթիկան և թուրք էթիկան հանդիպելու են: Հայ արդարությունը և թուրք արդարությունը... Արարչական լուծումների սեղանի մոտ վճռորոշը սրանց հարաբերությունն է լինելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել