Երկարատև ճամփորդություն է, և դու արդեն մի քանի ժամ մեքենա ես վարում: Հոգնած ու շշմած ես: Ձեռքերում և ոտքերում ծանրություն ես զգում, իսկ գլուխդ սկսում է ծուլորեն թեքվել մի կողմից մյուսը: Ծանո՞թ պատկեր է: Եթե այո՝ հիշիր, որ դրանք հոգնածության նշաններ են, և նման վիճակում մեքենա վարելը շատ վտանգավոր է:

Ավտոտեսուչները պնդում են, որ քնկոտ վարորդները երբեմն ավելի վտանգավոր են լինում, քան հարբածները: Քնկոտ վիճակում ղեկին նստելը հատկապես վտանգավոր է երեկոյան, երբ արդեն մութ է: Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր տասներորդ վարորդը գոնե մեկ անգամ ղեկին քնել է, իսկ ճանապարհատրանսպորտային բոլոր պատահարների մոտավորապես 20 տոկոսը հենց քնկոտ վարորդների մեղքով է:

Ժամանակ առ ժամանակ կանգառ արեք
Խորհուրդ է տրվում երկար ճանապարհին հաճախակի կանգառ անել և մի քիչ հանգստանալ: Նույնիսկ եթե հոգնածություն չեք զգում, ձեր օրգանիզմը կարոտ է 10 րոպեանոց հանգստի: Կանգնեք, դուրս եկեք մեքենայից, քայլեք, մկանները մարզեք: Աչքերը նույնպես մի քիչ կհանգստանան: Սովորություն դարձրեք յուրաքանչյուր 150-200 կմ վարելուց հետո հարմար վայր գտնել և մեքենան կանգնեցնել: Մի քիչ ննջեք, թարմ օդ շնչեք, մի խոսքով՝ արեք մի բան, որը կօգնի ավելի լավ զգալ՝ հաջորդ 200 կմ-ն անցնելու համար: Պարզապես զարմանալի է, թե ինչ ազդեցություն կարող է թողնել ընդամենը 15 րոպեանոց քունը, այնպես որ այդ մասին մի մոռացեք:
Սուրճ խմեք
Կոֆեին պարունակող մթերքներ և ըմպելիքներ գործածելն ամենահին ու ստուգված միջոցն է, որը կիրառում են միլիոնավոր վարորդներ: Լիցքավորող ըմպելիքները, որոնք շատերը խմում են առույգ զգալու համար, ավելի լավ է փոխարինել բնական սուրճով կամ թեյով: Բանն այն է, որ դրանք ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության պարագայում արդյունավետ չեն, ընդամենն «աղտոտում են» օրգանիզմը: Իսկ սուրճը կամ թեյը միշտ էլ թարմացնում են:
Զրուցասեր ուղեկից
Եթե ճանապարհին մենակ չեք, թող ձեզ ընկերակցողն անընդհատ զրուցի: Սա ամենաարդյունավետ, ամենահասարակ ու էժան միջոցն է՝ ղեկին չքնելու համար: Լավ կլիներ, եթե ուղևորներից մեկնումեկը վարորդական իրավունք ունենար ու երբեմն կարողանար ձեզ փոխարինել: Հիմնական խորհուրդը՝ թույլ չտալ, որ ուղևորներից որևէ մեկը քնի: Հետազոտությունները ցույց են տվել, որ վարորդն ավելի շուտ է հոգնում, եթե նրա կողքին որևէ մեկը քնած է լինում:
Հոգնածության էլեկտրոնային ազդարարիչներ
Վերջերս վաճառքում հայտնվել են մարտկոցներով աշխատող փոքրիկ սարքեր, որոնք նման են բջջային հեռախոսների Bluetooth ականջակալներին: Դրանք կտրուկ ձայն են հանում, եթե դուք սկսում եք ննջել:
Տեսականորեն դա իհարկե լավ է, սակայն գործնականում, եթե արդեն քնով եք անցել, ուրեմն վաղուց մեքենան կանգնեցնելու ժամանակն է եղել: Ամեն դեպքում զգուշության ևս մեկ միջոցառումն ավելորդ չի լինի: Վատ չէր լինի այդ ազդարարիչը տեղադրել հեռախոսների Bluetooth ականջակալների մեջ:
Երաժշտություն լսեք
Ճանապարհին երաժշտություն լսելը նույնպես թարմացնում է: Բայց լավ կլինի, եթե ոչ թե ձեր սիրելի մեղեդիները լսեք, այլ որևէ պատահական ռադիոկայանի հաղորդած երգերը: Գիտնականներն ապացուցել են, որ օրգանիզմն ավելի զգոն է, երբ անծանոթ հնչյուններ է լսում, հետևաբար քո սիրելի երգերը քեզ կարող են պարզապես «անջատել»: Երկար ճանապարհը հոյակապ առիթ է՝ աուդիոգրքեր լսելու համար: Հետաքրիքիր պատմությունը կարող է քեզ ստիպել, որ մոռանաս քնելու մասին:
Որևէ բան վերցրեք՝ ճանապարհին ուտելու համար
«Ով ծամում է, նա չի քնում»: Ծամոն, սառնաշաքար, շոկոլադե ձողիկներ, խնձոր, չորաբլիթ. կարևոր չէ, թե ինչ: Կարևորը, որ ցանկացած սնունդ կգրգռի համային զգայարանները, և ուղեղը միառժամանակ կմոռանա այն մասին, որ ուզում էր քնել:
Որոշ վարորդներ, օրինակ, պարզապես սովորական արևածաղկի սերմ են չրթում: Նախ՝ դրանցից դժվար է կտրվելը, երկրորդ՝ դրանք մի քիչ բազմազան են դարձնում ճանապարհի միապաղաղությունը. չէ՞ որ դա էլ է զբաղմունք՝ մաքրել կճեպը, հանել միջուկը, հետո կճեպը շպրտել...
Կարող եք միանգամից երկու նապաստակ որսալ, մանավանդ որ գոյություն ունեն կոֆեինով սերմեր: Օգնում են նաև թթու և պինդ սառնաշաքարները, որոնք երկար ժամանակ չեն հալչում բերանում: Իսկ առողջ կենսակերպի սիրահարները կարող են ճանապարհին խնձոր ուտել:
Հիշեք, որ սրանք ընդհանրական խորհուրդներ են, կարող են ոչ բոլորին օգնել: Հանգստանալու ամենաճիշտ միջոցը քնելն է: Այնպես որ, եթե շատ հոգնած եք, ավելի լավ է մեքենան մայթեզրին արգելակել և մի քիչ քնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել