Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին, որը վարել է Նախագահ Սերժ Սարգսյանը,  հանրապետականներին ներկայացվել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպման արդյունքները: Այս մասին նիստից  հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ միջնորդները առաջին հերթին պետք է Ադրբեջանի հետ աշխատեն, որ Իլհամ Ալիևը վերադառնա բանակցությունների սեղան: «Հասկանա, որ մաքսիմալիզմը, թշնամական հռետորաբանությունը, հայատյացությունը որևէ տեղ չեն տանում»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը հիշեց, որ Ալիևն առաջին պաշտոնյան չէ, որ նման հայտարարություններ է անում, այդպիսիք արել է դեռ Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, որ «խոստումներ էր տալիս մեկ շաբաթից ոտքերը Սևանում լվանալու» մասին,  բայց ՀՀԿ խոսնակը նշեց.«Մենք տեսանք, ով իր ոտքերը որտեղ լվաց»: 

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանական ՊՆ հայտարարություններից մեկում նշել էր , որ Նախիջևանից կարող են Երևանում և Հայաստանում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ ոչնչացնել:

Այս կապակցությամբ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես ռազմական գործիչ չեմ, որ պատասխանեմ, բայց համոզված եմ, որ նրանց նախարարները նման հայտարարություններ կանեն, իսկ հայկական բանակը գնալով կհզորանա»։

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նա ավելացրեց, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո առաջին տեսակետն այն էր, որ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն վերարտադրության խնդիր է լուծում: 

Սրան ի պատասխան Շարմազանովն ասաց.«Պետք է նշեմ, որ ՀԱԿ-ը առաջնըթաց է արձանագրել, եթե նախկինում կտրականապես մերժում էին սահմանադրական բարեփոխումների քննարկումը, ապա այսօրվա նրանց հայտարարությունը, նախագծի տեքստից մեջբերումներ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը, դրանով ՀԱԿ-ն այլևս մտել է բովանդակային քննարկումների մեջ, անկախ նրանից, թե ես համամիտ եմ թե չէ»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին այդ պաշտոնում փոխարինողի հարց, ըստ Էդուարդ  Շարմազանովի, այսօր չի  քննարկել: Առհասարակ, կադրային հարցեր նիստում ընդհանրապես չեն քննարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել