Tert.am-ը գրում է.

Թուրքիայի և «Իսլամական պետության» արդեն ավելի լուրջ առճակատումները, հաշվի առնելով, որ Թուրքիային ծանր օրեր են սպասվում, մի կողմից լավ են Հայաստանի համար, մյուս կողմից` ոչ այնքան, որովհետև եթե բախումները խորանան, տարածվեն, կմոտենան նաև ՀՀ սահմաններին: Tert.am-ին հետ զրույցում այս մասին ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` մեկնաբանելով այն, որ առաջին անգամ թուրքական բանակը զինված պայքարի մեջ է մտել «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

«Հիմա հեռու են, իհարկե, բայց եթե դա տարածվի Թուրքիայի` Արևմտյան Հայաստանի տարածքում դա նաև մեր համար խնդիրներ կարող է առաջացնել»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին առաջին անգամ թուրքական բանակը զինված պայքարի մեջ է մտել «Իսլամական պետություն» խմբավորման հետ: ԻՊ-ը կրակ էր բացել իր զինվորին,սպանելուց հետո, ինչին ի պատասխան թուրքական կողմը օդ է հանել F-16 ռմբակոծիչ, գործի դրել հրետանի:
Ի դեպ, թուրքական հեռարձակողները առաջարկում են ուղիղ միացմամբ հետևել սահմանային բախմանը` հղումով:

Արա Պապյանը ոչ միայն Թուրքիայի համար  ծանր օրեր է կանխատեսում, այլև գտնում է, որ այս բախումներն ունենալու են ձնագնդի էֆեկտ: Այսինքն` գնալով դրանք շատանալու են, և Թուրքիան փորձելու է ճնշել, ԻՊ զինյալներն էլ տեղափոխվելու են Թուրքիայի տարածք ու այնտեղ իրականացնելու են պայթյուններ և այլ ահաբեկչական գործողություններ:

«Առավել ևս, չմոռանանք, որ Թուրքիան իսլամական աշխարհի, մասնավորապես ծայրահեղ իսլամիստների կողմից դիտարկվում է որպես դավաճանական պետություն: Դավաճան` մի թիմից մյուս թիմ դարձած»,- մեկնաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ «դավաճան» բառը, ըստ նրա, ունի ոչ միայն նեղ, այլ ավելի լայն իմաստ:

«Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իսլամիստների համար դա սպանիչ է, որովհետև  դաշինքը դիտարկվում է որպես Արևմուտքի գործիք իսլամիստներին ճնշելու համար, Թուրքիան որպես իսլամիստական աշխարհիկ պետություն, դա ևս դիտարկվում է որպես դավաճանություն: Գումարած, որ ԻՊ-ի զինյալները Թուրքիան դիտարկում են որպես խալիֆայության մաս, մանավանդ որ վերջին օրինական խալիֆաթը եղել է Օսմանյան կայսրությունը: Ի վերջո, Արևմուտքը չէ, այլ Թուրքիայի իշխանությունն էր, որ Խալիֆաթը 1924 թվականին չեղյալ հայտարարեցին»,-ներկայացրեց վերլուծաբանը:

Հետևաբար, ըստ նրա, իսլամիստների ընկալումն այն է, որ կա նաև իրավահաջորդության հարց, և անպայման Թուրքիայի գոնե մի մասը պետք է լինի խալիֆաթում:

Ըստ Արա Պապյանի՝ դավաճանությունը նեղ իմաստով այն է, որ մինչև վերջին շրջանը հենց թուրք-սիրիական սահմանն էր դիտարկվում որպես ԻՊ անցնելու հիմնական տարածք, իսկ որոշ վերլուծաբաններ էլ պնդում էին, որ հենց Թուրքիայի կողմից է ԻՊ-ը օժանդակություն ստանում: Եվ, հետևաբար, իսլամիստների բոլոր գործողությունները վաղ թե ուշ տեղափոխվելու են Թուրքիայի` իրենց ընկալումներում Խալիֆաթի տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել