Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կառույցի կայքում հայտարարություն են տարածել Երևան և Բաքու իրենց վերջին այցի առիթով: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ից և Պիեռ Անդրյոն Ֆրանսիայից) տեղեկացրել են, որ այցելել են Երևան և Բաքու` հանդիպելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Հանդիպումերին մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

ԵԱՀԿ-ի համանախագահները և հատուկ ներկայացուցիչը արձանագրում են, որ Երևան և Բաքու կատարած իրենց այցերի ընթացում նկատել են վերջին շրջանի բարձր մակարդակի հանդիպումները, յուրաքանչյուր նախագահի հետ քննարկել ներկա առաջարկները` առաջ տանելու համար բանակցային գործընթացը, որը, նրանց գնահատմամբ, պիտի ԼՂ հակամարտության տևական կարգավորում ապահովի։

Համանախագահները հայտարարել են, որ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պատրաստակամությունը` այս տարվա վերջին հանդիպելու միմյանց, իսկ մինչ այդ նախագահները արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել իրենց աշխատանքները ԵԱՀԿ-ի համանախագահների հետ` նախագահական գագաթաժողովի օրակարգի ուղղությամբ:

Համանախագահները նաև ողջունել են հայ-ադրբեջանական շփման գծում հարաբերական կայունության շրջանը, սակայն նաև մտահոգություն են հայտնել վերջին լարվածության աճի դեպքերի առնչությամբ: Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել զերծ մնալ մահվան ելքերով բռնության աճից և զինադադարին հավատարիմ մնալու համար անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել:

Համանախագահները նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, իրենց հերթին, վերահաստատել են իրենց հանձնառությունը` տվյալներ փոխանակել անհայտ կորածների վերաբերյալ` Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հովանու ներքո:

Նշվում է, որ հանդիպումների արդյունքները ներկայացվել են նաև Վիեննայում Մինսկի խմբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել