Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչիին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ճապոնիայի դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանում և Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների առկա¬յու¬¬թյունը նոր թափ կհաղորդի երկկողմ բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ճապոնիայի միջև քաղաքական երկխոսության ընթացքից և անհրաժեշտ համարել ջանքերի գործադրումը նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է երկու երկրների գործարար շրջանակների միջև հանդիպումների և գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա նախանշել համագործակցության նոր ուղղություններ և կյանքի կոչել համատեղ նոր ծրագրեր:

Դեսպան Տագուչին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ արդյունավետ գործընկերությունը ընդլայնելու և խորացնելու, ինչպես նաև երկկողմ կապերը սերտացնելու նպատակով:

Դեսպանի համոզմամբ, Ճապոնիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը մեր երկրում շրջադարձային կարող է լինել հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների աշխուժացման ու զարգացման համար: Էյձի Տագուչին ևս կարևորել է հայ և ճապոնացի գործարարների միջև կապերի սերտացումը և բիզնես ֆորումների անցկացումը:

Անդրադառնալով հայ-ճապոնական փոխգործակցության զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման և ընդլայնման շուրջ: Վարչապետը նաև գոհունակություն է հայտնել միջազգային ասպարեզում երկու երկրների միջև առկա համագործակցության ընթացքից և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցության համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել