Տնտեսական աճի կանխատեսումներն ու դրա ներկայիս վիճակների միջև մարժան անցան բոլոր սահմանները` 1 տոկոս տնտեսական անկումից մինչև 4,1 տոկոս տնտեսական աճ: Գաղտնիք չէ, որ միջազգային կազմակերպությունները հանդես էին գալիս հոռետեսական կանխատեսումներով՝ դա պայմանավորելով տարածաշրջանային գործոններով և Ռուսաստանի տնտեսական կացությամբ: Մասնավորապես՝ Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսել է 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` 1 տոկոս անկում:

Ինչպես տեսնում ենք՝ արդեն տարվա առաջին կեսն անցել է, և հայտնի է առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2015-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Տարեսկզբին առկա տնտեսական ակտիվության ֆոնին այսպիսի ցուցանիշներն անակնկալ էին: Այսպես` հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին և հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլինի և հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս: Եվ ահա՝ 6 ամիսների արդյունքում 3,8 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշ: Այսինքն՝ հունիս ամսին տնտեսական աշխուժացման ավելի բարձր տեմպ գրանցվեց` 2014-ի հունիսի համեմատ 7,9 տոկոս աճ, իսկ նախորդ ամսվա` մայիսի նկատմամբ` 15,8 տոկոս:

Եթե փորձենք համեմատել անցյալ տարվա և այս տարվա ցուցանիշները, ապա կտեսնենք, որ 2014-ի հունիսի նկատմամբ գյուղատնտեսությունում աճը կազմել է 38 տոկոս, իսկ 2015-ի մայիսի նկատմամբ՝ ավելի քան 79 տոկոս: Նկատի ունենալով այս տարվա բարենպաստ գյուղատնտեսական տարին և անցյալ տարվա խիստ անբարենպաստ տարին՝ կարելի էր ակնկալել գյուղատնտեսության դրական տեղաշարժ, սակայն այն սպասվածից ավելին եղավ, ինչը պայմանավորված է նաև պետության կողմից վերջին տարիներին այս ոլորտի հանդեպ առանձնահատուկ մոտեցմամբ` ոռոգման խնդրից, հակակարկտային ծաառյությունից սկսած, մինչև գյուղվարկերի դիզվառելիքի, պարարտանյութերի գների սուբսիդավորում, հարկային արտոնություններ սահմանային բնակավայրերին և այլն: Հարկ է նշել նաև, որ արդյունաբերությունում նույնպես համեմատաբար բարձր աճ է արձանագրվել` 6 ամսվա ընթացքում 5,1 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել