Նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: 
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը, նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների կրկնակի աճ: Վարչապետը կարևորել է գործարար շրջանակների շփումների ակտիվացումը և շեշտել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ յուրաքանաչյուր առաջարկություն:

Իր հերթին Ջովաննի Ռիչուլլին ընդգծել է, որ իտալացի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն հայաստանյան շուկայի նկատմամբ: Դեսպանը նշել է, որ քայլեր կիրականացնի իտալացի գործարարներին ներկայացնելու ներդրումների համար Հայաստանի բարենպաստ բիզնես միջավայրը, միաժամանակ ընդգծել, որ ՀՀ-ի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ստեղծում նաև իր երկրի ներդրողների համար:

Երկկողմ համագործակցության զարգացման համատեքստում կարևոր է նաև, որ երկու երկրների միջև առկա է համապարփակ երկկողմ իրավապայմանագրային դաշտ, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ: Առևտրատնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից հատկապես կարևոր է ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համատեղ հռչակագրի ստորագորումը:

Հայ-իտալական համագործակցությունը զարգացման զգալի ներուժ ունի: Իտալիայի հետ առևտրաշրջանառությունը կազմում է ընդհանուր ՀՀ արտաքին առևտրի 2,9 տոկոսը, իսկ ներդրումների ծավալով Իտալիան Հայաստանում 18-րդն է՝ 2014 թվականին կազմելով շուրջ 452 մլն դրամ: Իսկ 1988 թվականից մինչ օրս ներդրումների մաքուր պաշարը կազմում է 13 մլրդ 730.6 մլն դրամ: Դա կազմում է ՀՀ ուղիղ ներդրումների 0.8 տոկոսը: Իտալական ներդրումների զգալի մասը կացության կազմակերպման ոլորտում է:

Տնտեսական համագործակցության ընդլայման մասին են վկայում Հայաստանի և Իտալիայի միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը: 2013 թվականին արտահանվել է 23 մլն 193.9 հազար դոլարի ապրանք, իսկ 2014 թվականին՝ 34 մլն 571.6 հազար դոլարի: Իտալիայից ներմուծված ապրանքների ծավալը ևս դրական դինամիկա ունի: 2013 թվականին Հայաստան է ներմուծվել իտալական ծագման 164 մլն 571.8 հազար դոլարի ապրանք, իսկ 2014-ին՝ 179 մլն 959.8 հազար դոլարի:

Հայսատանից Իտալիա արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են խեցգետնակերպեր, ալյուր և հացահատիկ, ձավարեղեն, քիմիական նյութեր, տեքստիլ արտադրանք և հագուստեղեն, ալյումինե և այլ մետաղական արտադրանք: Ներմուծվում է հիմնականում շոկոլադ, կակաո պարունակող արտադրանքներ, դեղամիջոցներ, հագուստեղեն, տեքստիլ արտադրանք, կոշկեղեն, խնամքի պարագաներ, կահույք և այլն:

Թեպետ հայ-իտալական երկկողմ համագործակցության առկա ձեռքբերումներն էական են, դրանք դեռևս զարգացման չօգտագործված ներուժ ունեն, զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար: 
Հաշվի առնելով առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում հնարավոր փոխգործակցությունը` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որն առավել համակարգված կդարձնի աշխատանքները նշված ոլորտներում: Կապերի հետագա զարգացման, առևտրատնտեսական առավել բարենպաստ միաջավայրի ստեղծման տեսանկյունից կարևոր նախապայման է Հայաստանի և Իտալիայի միջև Երևանից Հռոմ կամ այլ քաղաքներ կանոնավոր ուղիղ օդային կապի վերականգնումը: Այն մեծապես կնպաստի երկու երկրների համագործակցությանը զբոսաշրջության բնագավառում: 

Հատկանշական է, որ ինչպես ՀՀ-ի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, այնպես էլ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի շարունակական քայլերը՝ միտված Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը, նոր հնարավորություններ են ստեղծում իտալացի ներդրողների և առհասարակ Հայաստան-Իտալիա հարաբերությունների զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել