Հրաչյա Հարությունյանին շուտով կարտահանձնեն Հայաստան, ու հիմա ողջ հարցը նրանում է, թե ինչ ենք մենակ ակնկալում դրանից, ու ինչպիսին է լինելու Հրաչյա Հարությունյանի հետագա ճակատագիրը։

Ի դեպ, սա Բաղրամյանի ցույցերի արդյունքում ստացված անուղղակի արդյունքներից էր, ու այժմ արտահանձման գործընթացը թևակոխել է վերջնական փուլ, և արդեն ամենամոտ ժամանակներս ՌԴ-ն կհանձնի մեր դժբախտ վարորդին ՀՀ-ին, որպեսզի Հարությունյանն իր պատժի մնացորդը կրի Հայաստանում, իսկ նրան դատապարտել էին 6 տարի ու 9 ամիս ազատազրկման, որից գրեթե 2 տարին Հարությունյանն արդեն կրել է։

Իհարկե, Հարությունյանի հարազատներն ու հասարակության որոշ շերտեր ակնկալելու են, որ հենց արտահանձնումը տեղի ունենա, նրան ազատ պայմանականով ազատ կարձակեն, սակայն կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի։ Սխալ կլինի առաջին հերթին արդարության տեսակետից, որովհետև, անկախ նրանից, թե ինչքան տգեղ վարվեցին Ռուսաստանում Հարությունյանի հետ, նա իր մեղքի չափաբաժինն, այնուամենայնիվ, ուներ 18 մարդու կյանք խլած ավտովթարում և դրա համար պետք է պատասխան տա։ Բացի դրանից, եթե հիմա նրան ազատ արձակեն, դա բացասական արձագանք կարող է առաջացնել ռուսական հասարակությունում, ու վաղը, մյուս օր, եթե կրկին արտահանձման հարց լինի, անտեղի ավելի շատ խնդիրներ կառաջանան։

Տեսականորեն, Հարությունյանին կարող են ավելի շուտ ազատել, եթե նա օրինավոր վարք ցուցաբերի պատիժը Հայաստանում կրելու ընթացքում, բայց ցանկացած պարագայում կարծում եմ, որ անգամ այդ դեպքում պետք չէ շտապել։ Ավելի ճիշտ կլինի սպասել 1-2 տարի, որ համ պատժի մեծամասնությունը լրանա, համ էլ թե՛ ավտովթարը, թե՛ արտահանձման փաստը մոռացվեն մեդիա դաշտում, և նոր միայն նրան ազատ արձակեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել