Tert.am-ը գրում է.

Galileo լրտեսական  համակարգը  մեզ անհանսգտացնում է այնքան, որքան ադրբեջանական բանակի ցանկացած նոր ձեռքբերում:

Այս մասին Tert.am-ին ասաց Պաշտպանության նախարարության  մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով  վերջին վիկիլիկսյան սկանդալին, որ  հաքերներին հաջողվել է կոտրել իտալական անվտանգության մարմինների համար լրտեսական ծրագրեր պատրաստելու վրա մասնագիտացած Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական բազան, ինչից էլ  հայտնի է դարձել, որ այդ ընկերությունն Ադրբեջանին է վաճառել Da Vinchi կամ Galileo կոչվող դիստանցիոն լրտեսման համակարգ:

«Լրտեսական համակարգերի կիրառման դաշտը մեզ անհանգստացնում է այնքան, որքան  ադրբեջանական բանակի կամ ուժային կառույցների ցանկացած նոր ձեռքբերում: Եվ դա մի առանձին պատերազմի դաշտ է, մի առանձին հարթություն, որտեղ իրենք երբեք դադար չեն տալիս, մշտապես գնում են: Եվ այստեղ էքստրաօրդինար ինչ-որ բան չենք տեսնում, ամեն ինչ էլ Ադրբեջանը գնում է, իսկ մենք էլ դրա դեմ համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում` երբեմն կանխարգելիչ, երբեմն` ի պատասխան»,-  ասաց Արծրուն Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ  հաղորդվում է, որ  Hacking Team ընկերության կողմից մշակված լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչների և  սմարթֆոնների վրա գաղտնի գրոհների համար: Այդ լրտեսական ծրագրերը կարող են պատճենահանել ամբողջ տեղեկատվությունը Windows, OS X կամ Linux օպերացիոն համակարգերով համակարգիչներից: Ծրագրերը կարող են նաև պատճենահանել ամբողջ տեղեկատվությունը Android, iOS, Blackberry եւ Windosw Phone հարթակներով աշխատող սմարթֆոններից: Այդ ծրագիրը գրանցում է Skype, Facebook, Twitter, WhatsApp, Line, Viber համակարգերով տարվող բոլոր խոսակցությունները:

Ի պատասխան հարցի,թ ե ՀՀ ՊՆ-ին հայտնի՞ է` Ադրբեջանի որ գերատեսչությունն է ձեռք բերել այդ համակարգը` ՊՆ-ն, թե ԱԱԾ-ն, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն ասաց, որ չեն կարող ասել` որ մեկն է ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել