Tert.am-ը գրում է.

Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն իր վրա է վերցրել չորեքշաբթի օրը Ջեյլանփընար քաղաքում երկու թուրք ոստիկանների սպանության պատասխանատվությունը՝ դա կապելով Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ մասին հաղորդվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կայքում, հաղորդում է ria.ru-ն:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Շանլըուրֆա շրջանի Ջեյլանփընար քաղաքում երկու ոստիկանի մարմին էր հայտնաբերվել իրենց տներում:

Ավելի վաղ CNNTurk-ը տեղեկացնում էր, որ նահանգապետ Իզզեթթին Քյուչուքը չի բացառել, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչություն լինել։

«Այսօր որպես Սուրուչում ահաբեկչության համար հատուցում սպանվել է երկու ոստիկան, ովքեր ներգրավված են եղել «Իսլամական պետության» խմբերի հետ համագործակցությանը: Ակցիայից հետո ոստիկանների զենքը և փաստաթղթերն առգրավվել են»,- ասված է արգելված կազմակերպության մարտական թևի հայտարարությունում:

Երկուշաբթի օրը Սուրուչի մշակութային կենտրոնի առաջ սրճարանում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել 32 մարդ և 100-ից ավելին վնասվածքներ են ստացել: Ռումբը պայթել է մշակութային կենտրոնի մուտքի առաջ, որտեղ հավաքվել են թուրքաբնակ քրդերը և երիտասարդական կազմակերպությունների անդամները, որոնք պատրաստվում էին մեկնել Սիրիա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումից տուժած Քոբանի քաղաքի վերականգնմանը օգնության համար:

Իշխանությունները ահաբեկչության պատասխանատվությունը դրել են ԻՊ-ի վրա, որը մահապարտ է օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել