Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բ.Իվանիշվիլին չի պատրաստվում վերադառնալ ակտիվ քաղաքականություն և գալ իշխանության: Վրացական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում վերջինս ընդգծել է, որ ինքը կրկին կդառնա քաղաքական դաշտի հիմնական խաղացող, եթե միայն հրաշք կատարվի, այն է՝ իշխանությունները հաշվի չառնեն ժողովրդի կարծիքը և արհամարհեն հասարակությանը: Իվանիշվիլիի խոսքով՝ ինքը վստահում է գործող կառավարությանը և հավատում է վերջինիս անկեղծությանը և չի տեսնում լուրջ թերություններ գործադիրի աշխատանում: Այնպես, որ նախկին վարչապետի կարծիքով՝ ինքը դեռևս պատճառ չի տեսնում «գործին խառնվելու» համար:

Իվանիշվիլին նաև նշել է, որ գործող իշխանություններն, ի դեմս վարչապետի, խորհրդարանի խոսնակի, ժողովրդական են և լսում են ժողովրդի ձայնը, ինչը խորթ էր Սաակաշվիլիի իշխանություններին:

Հետաքրքրական է, որ ներկայում Վրաստանում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական, նաև ներքին և արտաքին հարաբերությունների տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ կան, և շատ հարցերում հասասրակությունն իր դժգոհությունն է արտահայտում գործող իշխանությունների նկատմամբ, հատկապես՝ նախընտրական շրջանում տված խոստումները մեծ առումով չիրականացնելու համար:

Իվանիշվիլին, հերթական անգամ դրական կարծիք արտահայտելով երկրի քաղաքական ղեկավարության (հանձինս Ղարիբաշվիլիի և Ուսուպաշվիլիի) նկատմամբ՝ դիտավորյալ չի հիշատակել նախագահ Մարգվելաշվիլիի անունը՝ դրանով իսկ ընդգծելով իր հակակրանքը վերջինիս նկատմամբ: Իսկ ընդամենը մեկ-երկու տարի առաջ Մարգվելաշվիլին համարվում էր Իվանիշվիլիի ամենամտերիմ, վստահելի և ֆավորիտ թիմակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել