Էներգետիկ ոլորտը ՀՀ տնտեսության ամենակարևորներից մեկն է, որի զարգացումն օրակարգային է: Ոլորտի բացերի կարգավորումը և զարգացումը հնարավոր է կազմակերպել թե՛ ներքին և թե՛ արտաքին ներդրումների շնորհիվ:

Այսօր տեղի է ունեցել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսը: ՀՀ գործադիր մարմնի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության միջև պատրաստվել է մինչև 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիր:

Այդ ծրագրի մեջ ներառված են էներգետիկ ռեսուրսների ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ:

Երկարաժամկետում իրականացվելու են նաև համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայումը:

Ներկա պահին իրականացվում են բանակցություններ հնարավոր ներդրողների հետ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրն իրականացնելու համար:

Բացի դրանից, էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման նպատակով շարունակվելու են զարգացնել ատոմային էներգետիկան: Մասնավորապես, այդ նպատակով որոշում է կայացվել 10 տարով երկարաձգել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել