Tert.am-ը գրում է.

Պատերազմական Հալեպում վերջին մի քանի օրերին, որոշ շրջաններում   վերականգնվել է պետական ջրամատակարարումը, ինչպես նաև փորվել են հորեր, որոնք մասամբ լուծում են ամառվա այս շոգին քաղաքին ջրով մատակարարելու խնդիրը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքա՞ն են Հալեպում ջրի պաշարները:

«Այդ հորերի մի մասը կարելի է նկատել ըմպելի, մյուս մասnվ էլ նախատեսված է առօրյա–կենցաղային գործածության համար: Եվ, անշուշտ, բացի այդ հորերը, ջուր մատակարարող անձնական նախաձեռնություններ կան վճարովի:  Ըմպելի ջուր` շշերով, կա նաև խանութներում»,- ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ Հալեպում օրական մի քանի ժամով, ըստ էության,  հովհարային ռեժիմով կա նաև էլեկտրականության մատակարարում, քանի որ նշեց. «Ոչ հստակ ժամերով, բայց օրական մեկ-երկու անգամ`մեկ և կես ժամ կտրվի»:

Ի պատասխան հարցի, թե Հալեպում քաղաքի հայազգի բնակչության ո՞ր մասն է մնացել, Բերիո առաջնորդարանի խոսնակը դժվարացավ պատասխանել` ասելով, որ ձեռքի տակ վիճակագրական տվյալներ չունի և որ դրանք ոչ ոք չունի: «Որովհետև միշտ տեղաշարժ է. կա ժամանակավոր, կա այլ պատկերացումներ, և ոչ ոք վիճակագրական տվյալ չի կըրնա ունենալ»,-ավելացրեց նա։

Հարցին, թե հալեպահայությունը մեկ միասնական դիրքորոշում ունի`մնալո՞ւ, գաղթելու, վերջինս ասաց.«Յուրաքանչյուր անձ իր անձնական պայմաններից դրդված` կորոշի իր անելիքը: Այսինքն` մնալն էլ է իր անձնական որոշումը, դուրս գալն էլ»:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում հայ գաղութները դատապարտված են՝ հաշվի առնելով, որ արդեն գործ ունենք ոչ թե տեռորիզմի, այլ ոչ կառավարական միջազգային սուբյեկտի հետ, որը դարձել է պատերազմական գործոն և ավելացրել, որ բաց է թողնված այն պահը, երբ սիրիահայերը կարող էին լքել այս գաղթօջախը իրենց սեփականությունը անվտանգ երկրից հանելով: «Եվ երբ հայտարարվեց, որ «պետք է մնաք, ձեր պապերի գերեզմանները պետք է պահեք», ես ուղիղ եթերով ասացի`«մնացեք, որ ձեր գերեզմաններն ավելացնեք»,- նշել էր դիվանագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել