«Իսկական հերոսությունն ապրելն է, և մեղքերից ու սխալներից իսկապես ազատվելու միակ ճանապարհը բարի գործերով դրանք հատուցանելը…աշխարհի չարը բարիի վերածելը» Վազգեն Վեհափառ

Քրիստոնեական մի հին ավանդության համաձայն` Քրիստոսը, անցնելով Երուսաղեմի փողոցներից մեկով, հանդիպում է մի անդամալույծ կույրի: Տերն անմիջապես ձեռքի մեկ հպումով բժշկում է նրան, սակայն դրան ի պատասխան բժշկվածը թքում է Քրիստոսի դեմքին: Առաքյալները հարցնում են Վարդապետին, թե ինչո՞ւ է Նա օգնում մարդկանց, երբ գիտի, որ մարդիկ երախտամոռ են և բարությանը չարությամբ պատասխանող: Քրիստոսը պատասխանում է. «Ես մարդկանց կարող եմ տալ միայն այն, ինչ ունեմ իմ գրպանում...»: «Իսկ ի՞նչ ունենք մենք մեր գրպաններում` մարդկանց տալու համար... Ի՞նչ կարող ենք մենք` որպես քրիստոնյաներ, տալ աշխարհին... Չարությո՞ւն, ատելությո՞ւն, կեղծի՞ք, բամբասա՞նք, սո՞ւտ, արհամարհա՞նք... Բայց ոչ երբեք Աստծո Խոսքը, որովհետև տակավին լցված չենք Սուրբ Հոգով, որովհետև Տերը մեզ դեռևս արժանի չի համարել լինելու Աստծո Սիրո, Աստծո Հույսի և Աստծո Հավատքի քարոզիչները» («Սարկավագագիրք»): Մեր ամեն քայլն ու խոսքը պետք է ունենա Աստծո սիրո կնիքը: Եվ ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում, բայց այդ վարձը նյութական չէ` դրամ կամ որևէ այլ բան: «Պարգև սպասիր ոչ թե այստեղ, այլ երկնքում»,- ասում է Սուրբ Անտոն Անապատականը: Իսկ երկնային վարձքն Աստծո օրհնությունն է, ամենամեծ գնահատանքը, որ մարդուն պարգևում է խաղաղություն, ուրախություն և անանց երջանկություն, քանզի մարդը չի կարող երջանիկ լինել առանց Աստծո օրհնության, առանց իր սրտում ունենալու Տիրոջ սուրբ խոսքն ու խորհուրդները: «Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերին և լույս իմ ճանապարհին». (Սաղմ.109.105). Տիրոջ խոսք է այն խարիսխը, որին ապավինում է մեր` կյանքի փոթորիկներից, ջրհեղեղներից տարուբերվող նավը, Տերն է մեզ անվարան ու անկորուստ առաջնորդն ում է դեպի խաղաղ նավահանգիստ, ազատում մեղքի խավարից ու արժանացնում խոստացված Արքայությանը: Մեզանից և ոչ ոք չի կարող ապրել առանց միմյանց, օգնելու, առանց բարիք գործելու. ինչ հաճելի է տեսնել այն քաղցածին, որին կերակրել ենք, ծարավին, որին խմեցրել ենք, մերկին, որին հագցրել ենք, հիվանդին, որին տեսության ենք գնացել: Միմյանց հանդեպ բարեսիրտ և քաղցր եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել