Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության ներքին ցուցումների արտահոսքը, որի հիմնական ուղերձն այն է, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել, ավելի շատ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրությունն ահաբեկելու, անառողջ մթնոլորտ ստեղծելու, այսինքն՝ քարոզչական ենթատեքստ ունի:  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ բացատրելով, թե ինչու է այդպես կարծում։

«Որպես կանոն, պատերազմի նախապատրաստվելիս այդ մասին բացեիբաց չեն հայտարարում: Թեպետ 21-րդ դարն է, և տեխնոլոգիական առաջընթացը թույլ չի տալիս անսպասելի հարձակվել որևէ երկրի վրա, այդուհանդերձ, ագրեսիվ նկրտումներ ունեցող և հարձակողական պատերազմ պլանավորող կողմը փորձում է ամեն կերպ իր մտադրությունները թաքուն պահել՝ հանկարծակիի բերելու համար իր հակառակորդին»,-ասաց նա:

Հետևաբար, Դավիթ Ջամալյանը հարցնում է. «Երբ մեզ ասում են՝ սպասե՛ք, տեսե՛ք, ձեզ վրա հարձակվելու ենք, հարց է առաջանում. եթե իսկապես մտադիր են մեծ պատերազմը վերսկսել, ապա ինչո՞ւ են այդ մասին բացեիբաց հայտարարում, որպեսզի մենք  նախապատրաստվենք և թույլ չտա՞նք»:

Բոլոր ժամանակներում ու բոլոր պատերազմներում, ըստ Ջամալյանի, հաջողության գրավականներից մեկը եղել է անսպասելիության գործոնը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում հայտնվել էին համապատասխան «սպեցիֆիկ ցուցումներ»` ուղղված այդ երկրի բուժհաստատություններին և բուժանձնակազմին: Ցուցումներում, մասնավորապես հրահանգված է «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները` հնարավոր ռազմական գործողության նկատառումով, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»:

Չնայած սրան, Դավիթ Ջամալյանը, այնուամենայնիվ, նկատեց, որ հայկական կողմը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի պատերազմի՝ թե՛ հայոց երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունները, թե՛ հասարակությունը, քանի, որ եթե «պատրաստ լինենք, այդ պատերազմը չի սկսվի, որովհետև հարձակվում են թույլի վրա»։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր բանակը պատրաստ է ցանկացած զարգացումների. թե՛ իրադրական էսկալացիայի, թե՛ կանխարգելիչ գործողությունների և թե՛ մեծ պատերազմի: Մենք հստակ գիտակցում ենք, որ ընթացիկ տարվա ապրիլից պետական սահմանին հաստատված հարաբերական անդորրը ժամանակավոր է՝ ընթացիկ հանգամանքներով պայմանավորված: Հետևաբար` բանակն ամեն վայրկյան պատրաստ է էսկալացիայի հերթական փուլին, հակառակորդին զսպելուն»,- ասաց  պաշտպանության նախարարի խորհրդականը։

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը հարաբերական անդորրի այս ժամանակահատվածում հստակ խնդիր է դրել ԶՈՒ հրամանատարական կազմի առջև՝ լինել զգոն, ամեն վայրկյան պատրաստ լինել կտրուկ հակազդել հակառակորդի նախահարձակ գործողություններին, անհրաժեշտության դեպքում նախաձեռնություն հանդես բերել, կանխել հակառակորդի սպասվելիք ակտիվությունը:

Հիշեցնենք, որ վերջերս եղել էր ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, թե պետք է Ադրբեջանին վերադարձվեն, «օկուպացված տարածքները», ինչին հետևել էր պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը, որ Արցախի՝ սահմանադրորեն ամրագրված տարածքները ենթակա չեն վերադարձի:

Ըստ Դավիթ Ջամալյանի, բոլորի համար պետք է ակնհայտ դառնա, որ արցախահայությունը՝ ի դեմս իր լեգիտիմ իշխանության, իր հավաքական կամքն է արտահայտում, երբ ժխտում է տարածքներ վերադարձնելու վերաբերյալ ցանկացած գաղափար:

«Աշխարհը պետք է համակերպվի այն գաղափարի հետ, որ Արցախի ներկայիս՝ սահմանադրորեն ամրագրված տարածքի տերը արցախահայությունն է, և որ ոչ մի թիզ հող չտալու դիրքորոշումը արցախահայության հավաքական կամքն է»,-ասաց Դավիթ Ջամալյանը:

Նա չի բացառում, որ Ջեյմս Ուորլիքի այս հայտարարությունը, գուցեև, ոգևորած լինի հակառակորդին, բայց նշում է, որ մեր բանակն ունակ է սթափեցնել հակառակորդին, նրան վերադարձնել իրականության դաշտ:  Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը, ամփոփելով, արձանագրում է՝ Հայկական զինուժը պատրաստ է ինչպե՛ս իրադրային լարվածության, այնպե՛ս էլ կանխարգելիչ գործողությունների, ու նաև՝ մեծ պատերազմի, ընդգծելով, որ մեծ պատերազմին պատրաստ լինելն է կանխում այդ մեծ պատերազմը:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ձեռնարկվում են հակառակորդի ստրատեգիական զսպման ռեսուրսը բազմապատկելուն ուղղված քայլեր:  Ռուսաստանից ստացվող և ստացվելիք հեռահար խոցման սպառազինությունը հենց այդ նպատակին է միտված: Այդ սպառազինության առկայությունը հայկական զինուժի մոտ մեծ պատերազմը կանխող լրջագույն գործոն է:

«Պետք է պատրաստ լինենք, որ պետական սահմաններին իրավիճակն, այո՛, կարող է սրվել: Ակնհայտ է, սակայն, որ մեր բանակը պատրաստ է կտրուկ հակազդեցության: Տվյալ դեպքում կարևոր է, որ մեր հասարակությունը, ինչպես անցյալ տարվա օգոստոսին, սահմանին հնարավոր լարվածության դեպքում համախմբի ՀՀ զինված ուժերի շուրջ: Եվ եթե ունակ լինենք վտանգի պահին ազգ-բանակի վերածվելու՝ ապա մեզ հաղթելն անհնարին կլինի»,– ասաց նա:

Դավիթ Ջամալյանը նաև նշեց, որ Արցախի ներկա տարածքը արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքներից մեկի՝ համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ ամրագրված է իբրև հայոց երկրորդ պետության անբաժանելի մաս: Ըստ այդմ՝ գոյություն չունեն ազատագրված տարածքներ, գոյություն ունի մեկ ամբողջական ազատագրված Արցախ, որի տերը արցախահայությունն է:

«Պետք է հստակ գիտակցել, որ ազատագրված Արցախի տարածքը ոչ միայն բուն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքն է, քանի որ Ադրբեջանը նկրտումներ ունի նաև ՀՀ տարածքի հանդեպ, մասնավորապես, Սյունիքի մարզի հանդեպ: Թուրք-ադրբեջանական տանդեմի գերնպատակը եղել և մնում է Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելը: Եվ այդ առումով, եթե հայկական կողմը զիջում է, դիցուք, Արցախի տարածքի մի մասը, ապա ձեռք է բերում ոչ թե խաղաղություն, այլ  խոցելի է դառնում, ըստ այդմ՝  քայլ է արվում ո՛չ թե դեպի հուսալի խաղաղություն, այլ՝ դեպի նոր պատերազմ»,- բացատրեց նա:

Ըստ ՊՆ պաշտոնյայի՝ հաշվի առնելով ադրբեջանական բանակի զինանոցում առկա սպառազինության ծավալները, ավելին՝ սպառազինվելու տեմպերն, ու թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ նկրտումները, Հայաստանի ռազմական անվտանգությունն ապահովված կարող է լինել միայն Արցախի ներկա՝ սահմանադրորեն ամրագրված տարածքի պահպանման դեպքում:

«Հայաստանի Հանրապետությանը սպառնացող պոտենցիալ վտանգները հստակ պատկերացնելով, ու երկրի ռազմական անվտանգության համար պատասխանատվության գիտակցմամբ էր պայմանավորված 2014 թ. Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ «մեր ծրագրերում տարածքներ հանձնել չկա»»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել