«Որպես ասաց ոմն ի հնում՝ լավ է լինել կույր աչոք, քան կույր՝ մտոք»: Մենք՝ հայերս, մեր վերջին դարի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ ապացուցում ենք, որ քաղաքական կուրությամբ ենք տառապում և մեր վերջը տալիս ենք մեր մտավոր կուրության պատճառով: Մենք այդպես էլ չկարողացանք ձերբազատվել ազգային անվտանգության մեր դարավոր աղետաբեր պատկերացումներից: Նույնիսկ ակնհայտորեն հիմնովին փոփոխվող աշխարհակարգում չփորձեցինք խուսափել ռուսական մահաբեր «բարեկամությունից», չփորձեցինք ապավինել միջազգային առավել հարուստ ու հզոր ուժերի և սեփական երկրի կարողությունների շեշտակի ընդլայնմամբ երաշխավորված ազգային անվտանգությանը: Եվ բոլոր հայերի աչքի առջև ղարաբաղյան կլանն ու հայոց «ազգային» վերնախավը Հայաստանն ու Արցախը նորից հանձնեցին Ռուսաստանին: Չէ, ժողովուրդ ջան, չէ, խոստովանեք՝ շա՜տ, շա՜տ ուշացած՝ վերջին մի քանի տարում նկատեցիք, որ ղարաբաղյան կլանը Հայաստանն ու Արցախը կործանման են տանում: Պարզվեց, որ հայերի մոտ արդեն նորից չի գործում նույնիսկ հանրային վտանգի զգացողության բնազդը... Ճիշտ այնպես, ինչպես Ադանայի կոտորածից հետո: Այս դրությունը շեշտակիորեն փոխելու այսօրվա միակ հնարավորությունը Պուտինի՝ անէության գիրկն անցնելն է: Չէ, էլի չի ստացվելու, էլի հույսներս դնում ենք օտարի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել