2015-ը դարձավ սերնդափոխության տարի մեր նորագույն պատմությունում, որովհետև հենց այս տարի, առավել քան երբեք, հասարակական ասպարեզում նոր սերունդը, որը ծնվել էր ԽՍՀՄ վերջին տարիներին ու անկախությունից հետո, դուրս մղեց հին դերասաններին ու էապես նվազեցրեց գաղջը։

Այս պրոցեսի պաշտոնական մեկնարկը կարելի է համարել Քանյե Ուեսթի համերգը Կարապի լճում, երբ հաշված րոպեների ընթացքում երիտասարդությունը հազարներով դուրս եկավ փողոց, ու տասնյակներն ապացուցեցին, որ իրենք պակաս խենթ չեն, քան Քանյեն՝ նետվելով սառը ջրի մեջ երգչի հետևից։

Հետո եղավ SOAD-ի համերգը Հանրապետության հրապարակում, երբ տասնյակ հազարավոր երիտասարդներ, ուշադրություն չդարձնելով հորդառատ անձրևին, ցույց տվեցին իրենց աննկունությունն ու պայքարող ոգին, որը կարող է իր ընդվզել ամեն անարդարության դեմ։

Հետո եղավ Բաղրամյանը, երբ նույն այդ երիտասարդությունը ցույց տվեց, որ բացի «տժժալուց»՝ ինքը կարող է նաև համազգային նշանակության հարցեր էլ լուծել ու դա անել՝ հավատարիմ մնալով այն բոլոր դրական երանգներին, որոնք մենք տեսանք Կարապի լճում ու Հրապարակում, և միևնույն ժամանակ, չվախենալ թրջվելուց՝ լինի դա Կարապի լճի՝ ապրիլ ամսվա սառը ջուրը, թե ապրիլյան սառը անձրևը, թե ջրցանի հուլիսյան դաղող ջուրը։ Ու որ ամենակարևորն է՝ պայքարել ու ընդվզել առանց չարանալու ու անելով դա ոչ թե հանուն ինչ-որ անհատի կամ էլ անհատների խմբի, այլ հանուն ազգի ու իրենց ապագայի։

Այսուհետ այս սերունդն է վերցնում էստաֆետը, ու մեր իրականությունն էլ երբեք չի լինելու առաջվանը՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի ապագան։ Մենք լավ սերունդ ունենք։ Այն պակասում է, բայց նույնիսկ մնացողները դեռ բավական թիվ են կազմում, որպեսզի հեղափոխեն ոչ թե մեր քաղաքական համակարգը, այլ մոլորված, տվայտված, հիասթափված ու կոտրված մեր աշխարհընկալումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել