Tert.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության 2015 թ-ի ծրագրի գերակա միջոցառում համարվող բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների դասակարգման մոտեցումների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կատարման ընթացքը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը և սոցիալական ձեռնարկությունների իրավական կարգավիճակի հստակեցման նպատակով իրականացված աշխատանքները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր բացման խոսքում կարևորեց նիստին ներառված հարցերը: Տարեկան ծրագրի վերաբերյալ նա ասաց, որ դժգոհություն էր լինում, որ  մինչ կառավարութան ներկայացնելը  ծրագրի վերաբերյալ համապատասխան քննարկում չէր լինում, ինչի համար էլ ազգային հանձնաժողովում այս հարցը բարձրացրել են:


«Վերջին տարիներին բավականին մեծ աշխատանքներն են կատարվել այս ոլորտում»,- ասաց նա և նշեց, որ միայն պետական կառավարման մարմինների միջոցով հնարավոր չէ իրականացնել ամբողջ աշխատանքը և այդ առումով ասաց, որ  համագործակցությունը էական նշանակություն ունի:

Ըստ նրա՝ արդեն հասարակության մեջ արմատավորվել է այն համոզումը, որ հաշմանդամություն ունեցող անձիք մեզանից յուրաքանչյուրից մեկն է, և մենք պետք է ընդամենը հավասար հնարավորություններ ապահովենք այդ մարդկանց համար:

«Հիմա մենք պետք է անցում կատարենք համակարգային միջոցառումների, որը պետական կառավարման համակարգերի գործունեության հիմքը պետք է լինի»,- ասաց նա և նկատեց, որ  այսօր կան շենքեր, շինություններ, որոնք որևէ կերպ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, և դա հիմնական խնդիրն է:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագրի մասին զեկուցեց ԱՍՀՆ աշխատակազմի հաշմանդամների  և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը: Նա նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց տարեկան ծրագրի մշակումը բխում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի դրույթներից: «Յուրաքանչյուր տարի կառավարությունը մշակում և Ազգային ժողով է ներկայացնում հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը»,- ասաց նա և նշեց, որ  ամեն տարի կառավարությունը նաև հաշվետվություն է ներկայացնում կատարած աշխատանքի վերաբերյալ:

«Միջոցառումների ծավալները տարեցտարի ավելանում են, և դա ակնհայտ է, սակայն շատ կարևոր է հետևել նաև որակական կողմին»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել