Հայաստանյան իրականության մեջ մշտապես անպակաս են «սռոկն» անցած, սակայն իշխանության հետ այս կամ այն կերպ «լեզու գտած» և իրենց «տաք անկյունը» գտած դեմքերը, այսպես կոչված, «զորացրվածները»:
Դրանց «գեղեցկացնում» են և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ ակտիվիստների (չշփոթել իրենց իրավունքների վերականգնման համար փողոց դուրս եկածներին) ոչ այնքան կուռ շարքերը:

Մարդիկ, ում «մաշված» կերպարները հանրության միանշանակ ապատիայի են տանում՝ «հանգցնելով» թունելի վերջում երևացող լույսը:
Հենց այս մարդկանց «առատությունն» է, որ թույլ չի տալիս համակարգը դուրս բերել հավերժ թվացող ճգնաժամից, այս մարդիկ են, ում համար «գնվելը» ապրուստի միջոց է:

Ցավալիորեն, քաղաքական դաշտում առկա մետաստազները ներխուժել են նաև լրատվական դաշտ՝ իրենց տեսակը տարածելով նաև այս դաշտում: Լրագրողական նեղ շրջանակներում լեգենդներ են շրջանառվում այս կամ այն լրագրողի կամ լրատվամիջոցի «լևի գործերի», «առուծախի» մասին, ընդ որում՝ դա կատարվում է ափաշքյարա:

Առաջարկ-պահանջարկի մասով լրատվական ու քաղաքական դաշտն իրար հավասարակշռում են՝ «առևտրային» կայուն հարաբերություններ ստեղծելով կողմերի միջև:

Երբ խոսում ենք քաղաքական համակարգի առողջացման մասին, ցավոք պետք է մտածենք նաև լրատվականի մասին, քանի որ սրանք իրար զուգահեռ ու ճգնաժամային առումով գրեթե իրարից չտարբերվող հարթություններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել