Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2012թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Էմիլ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպական դատարանի «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռի վերաբերյալ շահարկումներին և Էլմար Մամեդյարովի արտահայտած կարծիքին նկատեց, որ դրանք կարող են վնաս հասցնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին:

- Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Էլմար Մամեդյարովը Եվրոպական դատարանի «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստան Եվրոպական դատարանի «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռի վերաբերյալ «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ նշված գործով Արտգործնախարար Նալբանդյանի և Ձեր արտահայտած տեսակետները հակասում են միմյանց: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

- Արտաքին գործերի նախարարի և իմ արտահայտած տեսակետներում հակասություն չկա: Ինչպես հայտարարել է պարոն Նալբանդյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Չիրագովի գործով վճիռը չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բնականաբար դատավճիռը, ինչպես դա պահանջում է Եվրոպական կոնվենցիան, կենտրոնացել է իր առջև եղած կոնկրետ դիմումատուների կոնկրետ գանգատի քննության վրա և չէր էլ կարող նպատակ հետապնդել ազդել քաղաքական գործընթացների վրա: Իսկ ահա դատավճռի շահարկումները և կեղծարարությունը, միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձերը, որոնք կատարում է Ադրբեջանը և որի դրսևորումներից է նաև նախարար Մամեդյարովի հարցազրույցը, կարող են վնաս հասցնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել