Tert.am-ը գրում է.

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ դեռ վաղ է համարում նշել, թե ներկայացված նոր Սահմանադրության նախագծի առաջարկը լավն է, թե վատը, քանի որ ըստ նրա, պետք է ամբողջությամբ ներկայացված լինի: Բայց համեմատելով այնքանով, որքանով ներկայացված է՝ նկատեց, գործող Սահմանադրության համեմատ կա բավական առաջընթաց, սակայն կատարյալ լինելուց հեռու է:

Վարդան Այվազյանը նկատեց, թե կատարելագործման առումով հատկապես առաջընթացը նկատելի է մարդու իրավունքների և ազատությունների բաժնում, քանի որ հստակ համակարգվել են անձնական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակությային իրավունքները:

«Յուրաքանչյուր իրավունք տվյալ հոդվածում սահմանում է նաև տվյալ հոդվածի սահմանափակման հիմքերը»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է քննարկման առիթ դարձած կյանքի իրավունքի հետ կապված խնդրին, որպես մարդու բոլոր իրավունքների հիմք, ապա նա նշեց, որ պետք է իրավունքի սահմանափակման հիմքերն առավել հստակ լինել, և ոչ թե լղոզված:  

«Կա պրակտիկա, որ կյանքի իրավունքն ունի «հստակ սահմանափակման հիմքերն» անորոշ դրույթը, այն է՝ երբ է թույլատրվում մարդուն կյանքից զրկել, առաջինը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասաց նա և օրինակ բերեց՝  Նորդ–Օստի ահաբեկչությունը, երբ հատուկ ուժերը թունավոր գազ կիրառեցին և արդյունքում ահաբեկիչների հետ անմեղ մարդիկ մահացան, դրանով փրկեցին անհամեմատ ավելի մեծ թվով մարդկանց:

Խոսելով կառավարման համակարգի արդյունավետւթյան աստիճանից, նա նշեց, որ դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է աշխատել իշխանության և հասարակության իրավական գիտակցության վրա:

«Խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո եթե էլի վստահության քվեն հասարակությունը կարող է տալ այն անձանց, որոնք այսօր կան ԱԺ-ում, այսինքն՝ ոչ կոմպետենտ անձանց, ուրեմն կապ չունի կառավարման խորհրդարանական ձև ունենք, թե կիսանախագահական: Առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքակրթվել, և որից հետո խորհրդարանական ձևը, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակոթյանը, նոր այդ  դեպքում կարելի է ճաշակել պտուղները»,-ասաց նա և հավելեց, թե հակառակ դեպքում, եթե այս նախադրյալները չլինեն, ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով փոփոխությունները չեն լինի:

Իշխանության  վերարտադրվելու հնարավորությունից խոսելով՝ նա նշեց, թե պետք չէ այս փոփոխությունը կապել վերարտադրության հետ։ «Յուրաքանչյուր մարդ պարտավոր է ինքն իրեն սիրել այնքան, որքանով ատում է իր անկատարությունը: Այսօր իշխանությունը և ընդդիմադիրները իրենց սիրում են այնքանով, որքանով ատում են իրենց անկատարությունը բարձրաձայնողներին»,- ասաց նա և բացատրեց, թե քննադատությունը սեփական նեղ կուսակցական շահերի համար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել