Այս տոնն անց է կացվում Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի (World Chess Federation, FIDE) որոշմամբ, քանզի 1924թ.-ի հուլիսի 20-ին է հիմնադրվել այդ կազմակերպությունը:

Այս օրը ՖԻԴԵ-ի հովանավորությամբ անց են կացվում տարաբնույթ միջոցառումներ և մրցաշարեր:

Շախմատի անվանումը ծագում է պարսկերեն «շախ» և «մատ» բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «արքան մեռավ»: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը:

Հայաստանում շախմատ հավանաբար սկսել են խաղալ IX դարից և այն անվանել են ճատրակ (խաղի հնդկերեն «չատրունգա» անվանումից), ավելի ուշ՝ շախմատ: Եվրոպայում շախմատի մասին հիշատակությունները վերաբերում են XI դարին: 1851 թ-ին Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը, իսկ 1886 թ-ին աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոն է հռչակվել Վ. Ստեյնիցը:

Աշխարհի չեմպիոն Տ. Պետրոսյանի, միջազգային գրոսմայստերներ Ռ. Վահանյանի, Ս. Լպուտյանի, Վ. Հակոբյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Անաստասյանի, Ա. Մինասյանի, Կ. Ասրյանի, Լ. Արոնյանի անունները լայնորեն հայտնի են շախմատային աշխարհում: 1999 թ-ին Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992 և 2002 թթ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006 թ-ին՝ չեմպիոն: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Տիգրան Պետրոսյանի պատվին սահմանել է «Տիգրան» հատուկ մրցանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել