Դուք երբևէ ինչ-որ մեկի գրպանում նկատե՞լ եք նշանի ետ տված մատանի: Դա սարսափելի տեսարան է: Գործվածքի տակից ուրվագծվող օղակը կարծես նրանց կոտրված ու չիրականացված երազանքներից ստեղծված գեոմագնիսական դաշտ լինի: Իմ տեսած ոչ մի սարսափ ֆիլմ չէր կարող այդ պահին համեմատվել այդ տեսարանի հետ:

Բաժանությունների չստացվածության սինդրոմը սկսել է տարածվել ու կարծես վարակ է դարձել երիտասարդների շրջանում:

Չէի գրի, եթե օրեր առաջ ծանոթներիցս մեկին չհանդիպեի: Երիտասարդն իրեն հարբեցողությանն էր նվիրել, որովհետև նշանածը հեռացել էր: Մի քիչ զրուցեցինք, հետո եկավ այն մտքին, որ իրեն ոչ մեկ պետք չէ: Հետո հասկացավ, որ պետք են, ընդ որում՝ ամեն օր ինչ-որ տարբեր մեկը:

Ես նայում էի նրան ու էդ պատմության մեջ տեսնում մյուսներին, որոնց մասին գիտեմ: Նրանք էլ են դարձել դարի հիվանդության՝ միայնության զոհերը:

Ինչո՞ւ են մարդիկ որոշում հեռանալ իրարից, չէ՞ որ վաղն արդեն պիտի միասին ապրեին: Ինչո՞ւ են իրար կպցնում ինչ-որ պիտակներ, ինչու են ստորագրում ու պեչատում հարաբերություններն օրինականացնող թղթեր, որոնք վաղը վառվելու են, ու դրանցից մնալու է միայն մոխիրն ու մի քանի գրամանոց ոսկու օղակը:

Ինչպե՞ս կարելի է այդքան հեշտ հրաժարվել իրարից, ինչպե՞ս կարելի է այդքան համոզված լինել, որ գտնելու ես մեկ ուրիշին, ավելի լավին, սիրունին, հասկացողին: Բա որ չգտնես, մտածե՞լ ես էդ մասին:

Գուցե ինքը հենց նա էր, ուղղակի դու չցանկացար մի քիչ պայքարել նրա համար, չցանկացար մի կողմ դնել հիմար սկզբունքներդ ու ևս մեկ անգամ զանգել, գնալ դուռը թակել ու վերադարձնել:

Հա, ճիշտ է, եթե նա քոնն է, կվերադառնա... Հիմարություն, չի վերադառնա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել