Tert.am-ը գրում է.

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Tert.am –ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ասում է կառավարման մոդելները՝ կիսանախագահական, նախագահական, վարչապետական, ստանդարտ են ու հնացած: «21-րդ դարից սկսված, առաջ են անցնելու այն պետությունները, որոնք ստեղծելու են իր ազգային պատկանելությանը բնորոշ պետական կառավարման համակարգ, որը միտված է լինելու ազգի պատմականորեն ձևավորված հատկությունները պետության հզորացման համար օգտագործելուն: Ոչ թե ստանդարտ մոդելները»,- ասում է փորձագետը:

- Պարո՛ն Մեսրոբյան,  որպես կառավարման փորձագետ ինչպե՞ս եք գնահատում երկրի առանցքային դեմքերի ու կառույցների միջև լիազորությունների վերաբաշխումը և վարչապետական համակարգի ամրագրումը:

- Տեսեք. ներկա Ֆրանսիայի Հանրապետությունը կոչվում է 5-րդ Հանրապետություն: Այս 200 տարվա մեջ Ֆրանսիան փորձարկեց նույն կառավարման համակարգի բոլոր տեսակի ձևերը` նախագահական, կիսանախագահական, վարչապետական: Մեկ կիսանախագահականում էին, մեկ` խորհրդարանական, հիմա` նախագահականում: Կրկնում եմ` 5 անգամ փոխել են, և ամեն մի համակարգը 40-50-60  տարվա մոտակայքում վախճանվում էր և իրենք փոխում էին: Այս համակարգերը, որ նայում են, ուզում են փոխել վարչապետականի, վաղուց աշխարհով մեկ սնանկ են, պարզապես, դրա մասին քիչ է բարձրաձայնվում:

- Այսինքն, ըստ Ձեզ, կապ չունի՞ հանրապետություն, միապետություն, բռնապետություն:

- Խոսքս այդ եռանկյունու մասին է` նախագահական, կիսանախագահական, վարչապետական կառավարման համակարգեր: Ես բերում եմ աշխարհի կարկառուն պետության օրինակը` Ֆրանսիայի: Դա մեզ ոչ մի բան չի՞ սովորեցնում, մենք ուզում ենք կրկնե՞լ Ֆրանսիայի ճանապարհը` կիսանախագահականից անցնելով այլ համակարգի: Դրա համար կարող եմ ասել, նախագահի ու վարչապետի ինստիտուտների միջև ֆունկցիաների վերաբաշխումը դա կաբինետների վերաբաշխում է: Ձևն է դա, էությունը չէ: Հիմա, եկեք Ֆրանսիայի սխալներով չգնանք ու 20-30-40 տարում նորից չմտածենք`էլի համակարգ փոխելու մասին:Ես չեմ բերում Բուրկինա Ֆասոյի օրինակը, ես բերում եմ Ֆրանսիայի օրինակը: Շատերի համար Ֆրանսիան հեղափոխություն է, ազատամիտ, լուսավորչական մտքերի տարածում, այդ ամենի հավաքական երկիրն ինքն է ապացուցում` իր պատմությամբ, որ այդ ամենը  անարդյունավետ է:

Մենք շատ ենք ընդգծում մեր կարծիքը, մեր տպավորությունները: Կյանքն ունի իր իրական օրենքները և ինքը թքած ունի մեր բոլորիս կարծիքների վրա, իր օրինաչափություններն ունի: Ես բերում եմ կյանքի օրինաչափություններ, մարդիկ ասում են` պետք է փոխել:

-Իսկ ինչպե՞ս ես գնահատում գլխավոր գերագույն հրամանատարի այդ լիազորությունների և պարտականությունների փոխանցումը նախագահից վարչապետին: Եվ արդյո՞ք դա նորից միանձնյա որոշման արդյունքում է լինելու այն, ինչ վերապահված է կիսանախագահական համակարգում` նախագահին:

- Մեզ մոտ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան Սահմանադրության տեքստի հետ է, դրա համար ինչ էլ գրված լինի, ըստ էության, Հայաստանում իրավիճակ չի փոխի: Բովանդակությամբ, ըստ ձևի` իհարկե:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է փոխվում նրանից, որ վարչապետն է լինում, ոչ թե նախագահը, ապա, ըստ իս, ոչ մի, քանի որ կարևոր չէ, թե որ առանձնասենյակից են գնում այդ հրամանները:

-Հետևաբար, այս ամենից դատելով, կարո՞ղ ենք ենթադրել, որ Սահմանադրությունը պետք է հանգիստ թողնել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա:

- Ո՛չ, դրանից բխում է հետևյալը, որ 21-րդ դարից սկսված, առաջ են անցնելու այն պետությունները, որոնք ստեղծելու են իրենց ազգային պատկանելությանը բնորոշ պետական կառավարման համակարգ, որը միտված է լինելու ազգի պատմականորեն ձևավորված հատկությունները պետության հզորացման համար օգտագործելուն: Ոչ թե ստանդարտ մոդելները: Ես ուսումնասիրել եմ աշխարհի մոտ 11 պետությունների փորձ, որոնք տնտեսական փայլուն թռիչք են արձանագրել: Երբ ուսումնասիրում էի նրանց պետական կառավարման համակարգերը, ես տեսա մի բան. ոչ մի տեղ մեր  ստանդարտ մոտեցումներով` կիսանախագահական, նախագահական, խորհրդարանական, չկան, այլ մաքսիմալ յուրահատուկ կառավարման համակարգեր են գտնվել, որոնք մաքսիմալ օգտագործել են տվյալ ազգի առանձնահատկությունները: Բացառություն անգամ չկա: Ճիշտ է` եթե նայեք, կտեսնեք այնտեղ ինչ-որ «նախագահական» , «խորհրդարանական» ձևակերպումներ, բայց էությունը , կառավարման իրական համակարգը լրիվ ուրիշ է:

Տեսեք. օրինակ եմ բերում` ամբողջ աշխարհում երկար ժամանակ ընթանում է ընտրական պրոցես: Ընտրություններին ամեն անգամ ավելի ու ավելի քիչ մարդ է մասնակցում: Ամբողջությամբ  ֆալսիֆիկացվել է ընտրությունների ինստիտուտը: Բերենք հիմա մեկ այլ պետության օրինակ, որը «ճ» դասի պետություն չէ` ԱՄՆ: Միացյալ Նահանգների բոլոր ատյանների  պատգամավորները ընտրվում են խոշոր ֆինանսական կորպորացիաների ֆինանսական օժանդակությամբ: Հարց` ընտրված պատգամավորն այս պարագայում ու՞մ շահերն է պաշտպանելու, պատասխան` միայն խոշոր կապիտալի: Մենք ձևեր ենք թափում, որ պատգամավորը շարունակում է մնալ ժողովրդի պատգամ տանող ու առաջ տանողը: Ախր, նման բան չկա: Ժամանակն է, որ մենք մեր անգրագետ պատկերացումներից դուրս գանք. կյանքն իր օրենքներն է թելադրում` ով վճարում է, նա էլ համերգ է պատվիրում: Ուզում եք գնացեք` հին Հռոմ, ուզում եք`այսօրվա ԱՄՆ: Պետական  կառավարումը շատ լուրջ խնդիր է, ու ամեն նստող ելնողը թող բերանը փակի:

- Բայց այդ դեպքում` ո՞ւր մնաց ժողովրդավարությունը,  ընտրություններ և այլն:

-Մենք, ցավոք սրտի, այնպիսի լուրջ հարցի վերաբերյալ, որը պետության մոդելն է, շեշտում ենք ձևը: Նորից ասում եմ` գլոբալ միտումը, մարդկության կրթական, բարոյական վերջին տասնամյակում կտրուկ անկում է ապրում: Սա այդպես է ցանկացած պետությունում ու այդ դժգոհությունը ամենուր է: Հիմա, տեսեք, երբ մարդկության մակարդակը շարունակում է  բարոյական և ինտելեկտուալ անկում ապրել, ո՞նց եք կարծում` ընտրություններն ի՞նչ բնույթ են կրելու: Ես ասեմ` քայլ առ քայլ մոտենում է այն միտումը, որ հավասար է նրան , որ հոգեբուժարանում գժերն ընտրում են գլխավոր բժշկին: Ես ասում եմ` եթե մենք լուրջ ենք վերաբերվում Հայաստանի ապագային, եթե մենք ուղղակի ուզում ենք հանրության մեջ նման անպտուղ բանավեճեր բացել`«այս կաբինետից ավելի ճիշտ է, որ այս կաբինետ տեղափոխվի», սա նշանակում է` մենք ողբերգությունները շարունակելու ենք մեր գլխին հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել