Ասում են`  մարդն ապրում է, քանի դեռ նա երազանք ունի: Իսկ երազանքեր ունեն բոլորը, մեկի երազանքը մի քիչ մեծ է, մյուսինը`փոքր, մեկը երազում է տուն ունենալ, մյուսը` առողջ  ու լիարժեք կյանքով ապրել:  Մեկը երազում է հարուստ լինել, որ բարեգործությամբ զբաղվի, մյուսն էլ փող է տենչում, որ մեքենաների հավաքածուն ավելացնի: Շատ հաճախ  մենք մեր կողքինի երազանքը դատարկ ու առօրեական  ենք համարում, համեմատում մեր երազանքի հետ  ու մերն  ավելի կարևորում: Ա

Երազանքները չի կարելի համեմատել: Ամեն մեկի երազանքն իր կյանքի իմաստն է դառնում, դառնում է  այն թաքուն հույսի  փարոսը, որին մի օր հասնելու տենչանքով  ապրում է մարդը: 

Ասում են, եթե մարդը քեզ վստահում է իր երազանքը, ուրեմն քեզ  հետ է կիսում իր ամենաանգին  գանձը...

Այսօր մեզ հետ իրենց ամենանվիրական երազանքներով են կիսվել սահմանամերձ Մովսես և Չինարի գյուղերի մեր պատանի սահմանապահները, մեր փոքր զինվորները, ովքեր ծնվել և մեծացել են կրակոցների ձայների տակ, ում համար  կրակոց, դիվերսիա, ապաստարան բառերը խորթ ու սարսափեցնող չեն, նրանք   մեր առաջ բացել են  այն գաղտնի աշխարհը, որտեղ միայն իրենք մուտք ունեն...

Մովսեսից Նարինեն, ով օրերս իմացավ,  որ ԱՆՎՃԱՐ ընդունվել է ԵՊՀ, երազում է խաղաղության մասին. «Կարևոր չէ, թե ինչ կլինի, կամ չի լինի: Ամենակարևորը խաղաղությունն է, խաղաղությունն ու գյուղի բնակչության թվի աճը: Մենք, մեր հայրերն ու մայրերն ենք զինվորներին հավասար սահմանը պահում: Մեր հայրերն ու եղբայրները աշխատանք ունենալու համար չպետք է Հայաստանից դուրս գնան: Եվ եթե մենք շատ լինենք ու չհեռանանք գյուղից, իմացեք, թշնամին իր տեղում  կմնա և նրա մտքով էլ չի անցնի սահմանն  հատել...»:

«Կուզեմ գյուղում պարի ու երգի խմբակներ լինեն: Գյուղում շատ են լավ երգող երեխաները, բայց նրանց հետ երգով զբաղվող մասնագետ չկա: Օրինակ շատ հաճախ  մեր ծնողների համար գյուղի ակումբում միջոցառում ենք կազմակերպում, երգում, պարում, բայց ինքնուս ենք, լավ չի ստացվում: Իսկ եթե լինի մեկը, ով մեզ սովորեցնի ճիշտ շարժումները, ճիշտ երգելը, շատ ավելի լավ կլինի:  Մեզ  մի քիչ պարել է սովորեցրել մեր գյուղի քահանայի աղջիկը` Նարեն, ով  սովորել, եկել է մեր գյուղ և դպրոցում իր հասակակիցների հետ պարով է զբաղվում »:

«Մենք ուշադրության կարիք ունենք,  միջոցառումները կազմակերպում են միայն քաղաքի երեխաների համար, թող մեզ էլ հիշեն  տարբեր ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման ժամանակ, մենք մեր առօրյա կյանքից կտրվելու կարիք շատ ունենք»:

Չինարիից գեղեցկուհի Գեղեցիկի գլխավոր երազանքն էլ  է խաղաղությունը. 

«Ադրբեջանում անցկացվող օլիմպիական խաղերի  ժամանակ չէին կրակում, հիմա էլի կսկսեն: Հանդերում աշխատելու ժամանակ և մեր դասերի սկսվելու շրջանում  ահավոր շատ են կրակում:  Եղել են օրեր, որ դպրոցում դասերը վերջացնելուց հետո տուն չենք կարողացել գնալ կրակոցների պատճառով, սպասել ենք թաքստոցում, մինչև փոքր-ինչ հանդարտվի վիճակը»:

«Հիմա ամառային արձակուրդներ են, զբաղմունք չկա, շատ ենք ձանձրանում, լավ կիներ գյուղում տարբեր խմբակներ լինեին, ինչ-որ արհեստ սովորեինք: Օրինակ վարսահարդար լիներ, և մեզ մազերը խնամել սովորեցներ: Գյուղում վարսավիրանոց  չկա, մի քանի աղջիկ գնացել Բերդում սովորել են, եկել են և  տներում աշխատում են: Շատ կուզեի պարի ուսուցչուհի ունենայինք: Կար  ժամանակ երբ ունեինք, բայց ուսուցչուհին ամուսնացավ և հարևան գյուղ տեղափոխվեց: Հիմա ոչ ոք չկա նրան փոխարինող»: 

Գեղեցիկի համագյուղացի Նարինեն հիշում է. «Անցյալ տարի Լոռու մարզում կազմակերպված ճամբարի էինք մասնակցում, երբ լուր ստացանք, որ գյուղում այնքան շատ են կրակել, որ բնակչությանը տարհանում են: Դա կյանքիս ամենասարսափելի րոպեներն էին, միայն 3 ժամ լաց լինելուց հետո ջոկատավարներին հաջողվեց մեզ հանգստացնել, գյուղում ամեն բան կարգին էր, ոչ ոքի չէին տարհանել: Եթե լինի խաղաղություն ու չլինեն կրակոցներ, մենք ամեն ինչ էլ կունենանք»: 

«Երազում եմ, որ գյուղում մի մեծ գործարան լինի, որտեղ կաշխատեն մեր ծնողները: Հայրիկս աշխատում է հարևան գյուղում` Այգեձորում, ու ամեն օր ստիպված է այդ հեռավորությունը  գնալ, հետ գալ: Ձմռանն էլ ընդհանրապես այդ աշխատանքն էլ չկա»:

«Երազում եմ կյանքում գոնե մեկ անգամ այցելել Խորանաշատ եկեղեցին: Եկեղեցու վրա ամենաշատն են կրակում, ծնողներս թույլ չեն տալիս գնամ այդ կողմ: Մեծ հույս ունեմ, որ 16-ամյակիս կիրականացնեմ երազանքս,որը չիրականացավ 15-ամյակիս...»:

Վարդանը չի վախենում կրակոցներից, նա ներկա ու ապագա զինվոր է, զինվոր, ում խոսքերով իր գիտակցական կյանքի միայն առաջին 2 տարում չի հասկացել կրակոցների ձայներն ինչ են նշանակում: Հիմա նրան ամեն մի կրակոցի ձայնն էլ ավելի ուժեղ է դարձնում: 

«Կրակում են ամեն տեղ`մեր տների վրա, դպրոցի ճանապարհին, դպրոցի պատուհաններին...Եվ երբ չեն կրակում, սկսում ենք անհանգստանալ. ուրեմն դիվերսիոն ներթափանցում են նախապատրաստում: Մեր գյուղի բնակչությունից է կախված ամբողջ Հայաստանի խաղաղությունը: Քանի դեռ չինարեցին  Չինարիում է, սահմաննն ապահով ձեռքերում է»: 

Տղաներից ամենաակտիվը` Ալենը,  շատ է ուզում, որ վերանորոգեն իրենց դպրոցի մարզադահլիճը, մարզական գույք տրամադրեն, որ տղաները կարողանան սպորտով զբաղվել: Կոփվեն և լավ պատրաստված ապագա զինվորներ դառնան:

Ասում են` երազանքները չի կարելի համեմատել, բայց երբ լսում էի այս երեխաների երազանքները, հասկացա` որքան էգոիստ ենք մենք մեր երազանքների հարցում,  մեր երազանքները պտտվում են միայն մեր անձի շուրջ: Մեր երազանքներում տեղ չունեն ուրիշները, միայն մենք ենք ու մենք...

Եվ ես հույս ունեմ, որ այս երեխաների երազանքների աշխարհ այցելելուց հետո, մեր յուրաքանչյուրի երազանքներին կգումարվի ամենակարևորը` նրանց համար խաղաղ ու առանց կրակոցների կյանք երազելը... Հույս ունեմ, որ մենք կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում իրականություն դարձնել այս պարզ ու անկեղծ երազանքները: 

Ասում են`  մարդն ապրում է, քանի դեռ նա երազանք ունի...

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել