ՋենգիզԹուրք հայտնի վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզը «Todays Zaman»-ի իր սյունակում «Ստամբուլն ու Կոստանդնուպոլիսը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կատարել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդրին:

«Երբ ես փոքր էի, մենք ապրում էինք «հունական տանը», իր երկաթյա դարպասներով և կառուցվածքով այն գերիշխում էր մեր փողոցում և տարբերվում էր մյուս տներից: Հիշում եմ, թե ինչպես էին զբոսաշրջիկ հույն կանայք լացում` տեսնելով այս ամենը: Մայրս էլ էր հաճախ հուզվում: Երկար տարիներ չէի կարողանում գտնել այս ամենի իմաստը: Թեև ոչ մուսուլմանները «հալվել» էին` թողնելով տներն ու փողոցները, եկեղեցիներն ու աղբյուրները, սակայն նրանք շարունակում էին մեր քաղաքի մի մասը լինել, ապրել որպես ստվերներ: Թեև մեր պատմության դասագրքերում զգուշորեն բաց է թողնված նրանց վերաբերյալ նշումները, նրանց անունները ջնջված են, սակայն նրանք թողել են ինձ պես «հիշողների»:

Երկար տարինեց անց ես սկսեցի հասկանալ այս երկրի կարգն ու խնդիրները, հասկացա, որ հարցը «սոցիալական երկրաշարժն է», որն ավելի մեծ էր, քան ես փոքր ժամանակ կարող էի պատկերացնել: Եթե վերցնենք մինչ 1915 թվականի վիճակագրությունը և բերենք մերօրյա Թուրքիա, ապա այս երկրում պետք է ապրեր 18 մլն ոչ մուսուլման: 18 մլն ոչ մուսուլման` հայեր, հույներ, հրեաներ: Ի՞նչ տեսակի Թուրքիա կլիներ դա:

Մենք ավելի ինքնավստահ կլինեինք: Կունենայինք ոչ մուսուլման պատգամավորներ խորհրդարանում, ինչպես Օսմանյան կայսրության ազգային ժողովն էր: Մենք այլևս չէինք ունենա քրդական խնդիր: Մենք չէին լինի հասարակություն, որը կորցրել է իր հիշողությունը:

Մենք չէինք կախի «Ստամբուլը մինչ 1453 թվականը» գրությամբ պաստառ Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպման ժամանակ: Իմ ընկերներից Բեքիր Բերաթ Օզիփեքը, ով ներկայացնում էր այդ դեպքն ինձ, ասաց, որ մենք այդ պաստառով հույն երկրպագուներին մի ուղերձ հղեցինք, որ մենք չենք զգում, թե Ստամբուլը մեզ է պատկանում, այն մերն է, սակայն նվաճված է, գրավված…

Եթե մենք չհալածեինք ոչ մուսուլմաներին, ապա կունենայինք խիզախություն նայելու մեր պատմության մութ էջերին, չէինք ամաչի «Կոստանդնուպոլիս» գրել Ստամբուլի հետ: Մենք խիզախություն կունենայինք վերաբացել Սուրբ Սոֆիայի տաճարը, որը կլիներ եկեղեցի/մզկիթ մուսուլմանների և քրիստոնյաների համար համատեղ: Մենք կընդունեինք Ստամբուլի հայկական ճարտարապետությունն իր ամբողջ շուքով: Մենք Օսմանյան կայսրության մեծ ճարտարապետ Սինանին կկոչեինք իր իսկական հայկական անունով` Արմեն Սինանյան: Եվ մենք կխոնարհվեինք այս մեծ վարպետի առաջ` ընդունելով նրա իսկական ինքնությունը:

Եթե մենք այսպիսի կարծրատիպեր չունենայինք, չէինք քննարկի, թե հույն պատրիարքը, ով իր ինքնավարությունը ստացել էր Մեհմեթ Նվաճող սուլթանից, էկումենիկ է, թե ոչ: Մենք կարող էինք ասել, որ մեր երկիրն ընդունում է քրիստոնեության խոշորագույն ճյուղերից մեկի առաջնորդին…

Եթե մենք այդքան ինքնավստահություն ունենայինք, չէինք մերժի մեր անցյալը և հպարտ կլինեինք մեր երկրում մուսուլմանական և քրիստոնեական ինքնությունների համար: Մենք միայն ֆիզիկապես չէին սիրի Ստամբուլը, ինչպես դաժան տղամարդու սերն է միայն կնոջ ֆիզիկական գեղեցկության հանդեպ:

Եթե մեզ մոտ լիներ ռասաների, ազգերի և լեզուների միասնություն, ապա Թուրքիան կարող էր խաղաղության կղզի դառնալ տարածաշրջանում:

Կարո՞ղ ենք մենք հաղթահարել ազգայնամոլության այդ շեմը: Կարո՞ղ ենք մենք սիրել Ստամբուլը որպես Կոստանդնուպոլիս»,-գրում է թուրք հեղինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել