Ալեքսանդր Դյումա (հուլիսի 24, 1802 - դեկտեմբերի 5, 1870)

1. Երբեք ուշ չէ լռելը, եթե գիտես, որ ստում ես:

2. Սիրահարը սիրունատես աղջկա ստվերն է:

3. Ոչ մի բան այնպես չի հաշտեցնում վտանգի հետ, որքան ժամանակը կամ տարածությունը, որը մեզ բաժանում է այդ վտանգից:

4. Կռվի մի բռնվեք թշնամու հետ, եթե նա ձեզանից ուժեղ է:

5. Ամեն մի տխմար ու ստոր մարդու միշտ ուրախացնում են մտերիմների անհաջողություններն ու դժբախտությունները:

6. Ճանապարհը կիսով չափ կարճ է թվում, երբ շատախոսում ես որևէ մեկի հետ:

7. Ուրախության մեջ միշտ էլ կան վշտի սաղմեր:

8. Ատելությունը միշտ էլ հույս է փայփայում՝ երազելով մի օր վրիժառության մասին:

9. Հասկանալի է, թե երազանքի պահին սիրահարվածի երևակայությունն ուր կարող է տանել:

10. Բարեկամի խորհուրդը միշտ օգտակար է:

11. Սիրահարված մարդու համար վեց օր սպասելը, ինչպես հայտնի է, հավասարազոր է վեց դարի:

12. Մարդիկ հազվադեպ են մտածում այն ամենի պաշտպանության մասին, ինչ իրենց կարծիքով անհնարին է խլել իրենցից:

13. Երբ մանր գիշատիչների ոհմակը հարձակվում է մեծ գազանի վրա, բավական է, որ վերջինս մազերը փշաքաղի ու մռնչա, և գազանիկները կսարսռեն:

14. Երբ մարդու ոտքերի տակ հողը երերում է, նա պատրաստ է ձեռք քցել անգամ ծղոտին:

15. Լավը այն հարվածն է, որից զոհը ցած է տապալվում՝ չհասցնելով անգամ ձայն-ծպտուն հանել:

16. Եթե մարդ չի կարողանում փնտրել, ապա ուրիշին էլ չպետք է կշտամբի չգտնելու համար:

17. Սիրո համար անհրաժեշտ է մթություն` ավելի պայծառ շողալու համար:

18. Պատանեկությանը հատուկ են կտրուկ անցումներ լիակատար հուսահատությունից անսահման վստահության:

19. Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում ու այնպիսի հասարակության մեջ, որտեղ սքանչելի անմեղությունը վտանգավոր է, քանզի ուժասպառ է անում ձեզ թշնամիների առաջ, և որոնց կարելի է հաղթել իրենց իսկ զենքով միայն:

20. Ուժեղ մարդիկ, որոնք կարողանում են տիրապետել իրենց, լիակատար հուսահատության մեջ են ընկնում, երբ նրանց առաջ ծառանում է որևէ անհաղթահարելի ու իրեղեն մի արգելք:

21. Սերը երկնային պարգև է և վեր է երկրային բոլոր բարիքներից:

22. Աստծու կամքն է, թե ում կպատժի և ում ներում կշնորհի: Մեզ մնում է միայն ապավինել նրա սուրբ կամքին:

23. «Ես քեզ սիրում եմ». այդ չորս բառի մեջ բովանդակվում է մարդկային սրտի ամբողջ լեզուն, և ամեն մի սիրտ պետք է գեթ որևէ մեկի հետ խոսի այդ լեզվով:

24. Եթե կինը գեթ մի անգամ «ԶԻՋԵԼ» է տղամարդուն, նա առաքինի ձևանալու իրավունք չունի, բայց եթե տղամարդը, որի ցանկության առաջ նա տեղի է տվել, օրինավոր մարդ է, և եթե կինն ասում է նրան, որ ինքնատիրապետումը կորցնելով ենթարկվել է րոպեական թուլության, ապա հասկացեք՝ տղամարդը պետք է չչարաշահի կնոջ սխալմունքը:

25. Կանայք այդպես են ստեղծված. նրանք և՛ ատում, և՛ սիրում են՝ իրենք էլ չիմանալով ինչու:

26. Աստված ստեղծել է հրեշտակներին ոչ թե նրանց միացնելու համար, այլ` վատ մարդկանց ավելի լավը դարձնելու:

Եվ վերջում հատված, որը հավանել եմ՝ «Կոմս Մոնտե Քրիստո» գրքից:

Մի՞թե, ուրեմն, հետաքրքիր չէ իմանալ, թե հոգին ինչ կերպ կարող է բաժանվել մարմնից, և թե մարդիկ ինչպես են իրենց բնավորությունների, խառնվածքների և նույնիսկ տեղական սովորությունների բերումով անցնում գոյությունից դեպի անգոյություն տանող այդ վերջին ճանապարհը: Համարձակվում եմ հավատացնել, որ մարդ ինչքան շատ մեռնողներ է տեսնում, այնքան նրա համար հեշտ է մեռնել, և հետո համոզված եմ, որ մահը կարող է լինել տանջանք, բայց ոչ քավություն: Ահա մի մարդ, որը հնազանդվել է բախտին, որը գնում էր դեպի կառափնարան, որը պատրաստ էր մեռնելու, ճիշտ է, վախկոտի պես, բայց առանց դիմադրության ու բողոքի: Գիտե՞ք՝ ինչն էր ուժ տալիս, մխիթարում նրան, գիտե՞ք՝ ինչու է նա հնազանդորեն սպասում մահապատժին: Որովհետև մի ուրիշն էլ էր այդպես տանջվում, որովհետև մի ուրիշն էլ պիտի մեռներ, որովհետև մի ուրիշը նրանից առաջ պետք է մեռներ: Երկու ոչխար տարեք մորթելու, նրանցից մեկին հասկացրեք, որ իր ընկերը չի մեռնելու. ոչխարն ուրախությունից կսկսի մայել, իսկ մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո պատկերի, մարդը որպես ամենաառաջին, միակ և բարձրագույն օրենք, Աստված պատվիրեց սիրել մերձավորին, մարդը, որին Աստված լեզու է տվել իր մտքերն արտահայտելու համար, ի՞նչ կլինի նրա առաջին աղաղակը, երբ իմանա, որ իր ընկերը փրկված է: Մի նզովք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել