Սահմանադրության փոփոխությունների ներկայացված նախագծի շուրջ առայժմ կարծես ավելի շուտ զուտ քաղաքական հայտարարություններ են հնչում: 
Ավելի ճիշտ, ընդդիմադիր առանձին ուժեր և նրանց հարող շրջանակները կրկնում են նախքան այս նախագծի պատրաստ լինելը իրենց առաջ քաշած տեսակետը, թե փոփոխությունները միայն իշխանության վերարտադրության նպատակ են հետապնդում: Ըստ այդմ, հիշյալ շրջանակներն անգամ հարկ չեն համարում անդրադառնալ ներկայացված նախագծի բովանդակությանը: 
Այնինչ, կարծում ենք, էականը հենց բովանդակությունն է: Առավել ևս կարևոր է քննարկել, թե կոնկրետ ինչ է առաջարկվում, քանզի եթե ներկայացված տեքստը դրվի հանրաքվեի և ընդունվի, ապա այդ նոր սահմանադրության դրույթներն անխուսափելիորեն իրենց անդրադարձն են ունենալու երկրի ընդհանուր կյանքի վրա, իսկ հասարակական-քաղաքական հարաբերությունների վրա ազդելու են անմիջականորեն:
Ինչ վերաբերում է «վերարտադրության» մասին արդեն բավականաչափ ծեծված խոսակցություններին, ապա թերևս պետք է ենթադրել, որ նման մոտեցում ունեցող առանձին ընդդիմադիր շրջանակներ հիմիկվանից արդեն վստահ, ավելին՝ համոզված են, որ իրենք ընտրություններում միայն պարտվելու են, ըստ որում՝ մշտապես: 
Սա այն դեպքում, երբ խորհրդարանական հերթական ընտրությունները երկու տարի անց՝ 2017-ին են լինելու: 
Այնուամենայնիվ, անդրադառնանք բովանդակությանը և շարունակենք ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հրապարակած նախագծի առավել կարևոր դրույթները: 
Նկատի առնելով, որ առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելի, բնականաբար առանցքային նշանակություն է ստանում հարցը, թե ինչ մոտեցումներ ու մեխանիզմներ են նախատեսվում իշխանության մարմինների լիազորությունների՝ միմյանց հակակշռելու հետ կապված: Հիմնականներից մեկը հենց խորհրդարանի և կառավարության սահմանադրական, այսպես ասենք՝ հարաբերություններն են: 
Այստեղ ուշադրություն է գրավում այն դրույթը, որով առաջարկվում է սահմանադրորեն ամրագրել. «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ» (հոդված 89, կետ 5): 
Այս՝ կայուն քաղաքական համակարգերի դեպքում ինքնին ենթադրելի նախընտրական չգրված կանոնը փաստորեն Հայաստանում առաջարկվում է «Մայր օրենքով» սահմանել: Սկզբունքորեն ընդունելի է, որ, ասենք, որևէ ուժ, ընտրողներին առձեռն բարևելուց բացի, նաև գոնե ինչ-որ մի ծրագիր ներկայացնի, ասի՝ ով է վարչապետի իր թեկնածուն, որ մենք էլ՝ ընտրողներս, ավելի լավ կողմնորոշվենք: 
Ազգային ժողովի հետ կապված, խորհրդարանական կառավարման պարագայում, հասկանալի է, հիմնական հարցերից մեկը կառավարության գործունեության նկատմամբ իրական վերահսկողություն ունենալն է: Ներկայացված նախագծի հոդված 111-ը սահմանում է. «1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, այդ թվում՝ օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ: 2. Ազգային ժողովը, Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ, քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ»:
Կարող է հարց ծագել հենց այդ «վերահսկողություն իրականացնելու» կապակցությամբ այն առումով, թե կոնկրետ ինչպե՞ս է դա իրականացվելու: 
Սակայն եթե նկատի ունենանք, որ նախագծում նշված են մի շարք դեպքեր, որոնք ենթադրում են կառավարությանը, վարչապետին ու նաև առանձին նախարարի անվստահություն հայտնելու և պաշտոնանկ անելու իրական հնարավորություն, ապա հարցի սրությունը կարծես նվազում է: Այդ անվստահություն հայտնելու հնարավորությունները՝ հետագա պաշտոնանկության հեռանկարով, թույլ են տալիս ենթադրել, որ առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կունենանք մի սահմանադրություն, որը բազմակուսակցական խորհրդարանի պայմաններում հնարավորություն է տալիս, որ կառավարությունը անընդհատ պրեսինգի տակ գտնվի: Իսկ կառավարության գործունեության արդյունավետության տեսանկյունից դա թերևս առավել նախընտրելի կացությունն է: 
Օրինակ, ԱԺ խմբակցությունների կողմից կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու մասին հոդված 113-ի 2-րդ կետով մասնավորապես սահմանվում է. «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի առաջարկությամբ հարցապնդումը քննարկվում է: Եթե քննարկման արդյունքում ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ապա կիրառվում են 115-րդ հոդվածի կանոնները: Հարցապնդման արդյունքներով Ազգային ժողովը կարող է գնահատել նաև կառավարության առանձին անդամի աշխատանքը և անվստահություն հայտնել նրան, ինչը հանգեցնում է նրա հրաժարականին»:
Հաջորդ՝ հոդված 114-ը նույնպես դրական պետք է նկատել, քանզի հնարավորություն է ստեղծվում, որ ԱԺ հերթական նստաշրջանի նիստերից մեկնումեկում, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, անցկացնել «հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ»:
Կարծում ենք՝ հետաքրքրական են վարչապետին, այսինքն՝ տվյալ մոդելի պարագայում երկրի փաստացի ղեկավարին, անվստահություն հայտնելուն վերաբերող մոտեցումները, որ արտացոլված են հոդված 115-ում:

Ըստ այդմ, նախ, վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ «կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն»: 
Սա իրոք հետաքրքիր է, քանզի ստացվում է, որ պետք է ոչ միայն անվստահություն հայտնել, այլև «ձեռքի տակ» պատրաստի «վարչապետացու» ունենալ: 
Անվստահություն հայտնելու որոշումը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե ԱԺ-ն ունենա 101 պատգամավոր, 51 ձայնը բավարար է, որ վարչապետին անվստահություն հայտնելու որոշում ընդունվի:
Ի դեպ, քվեարկությունը, ըստ նախագծի, պետք է լինի անվանական: Սա նմանապես հետաքրքիր է, բայց արդյոք չի՞ հանգեցնելու հավելյալ լարվածության, հարաբերությունների անհարկի անձնավորման: Մի կողմից, իհարկե, մարդիկ անվանապես կիմանան իրենց քաղաքական թշնամիներին: Բայց, մյուս կողմից, «գաղտնի քվեարկության» տարբերակը մի տեսակ ավելի նախընտրելի է թվում: 
Հասկանալի է, եթե որոշումն ընդունվում է, վարչապետն ինքնաբերաբար հրաժարական է ներկայացնում: 
Նույն հոդվածի 3-րդ կետն էլ այդ անվստահության հնարավորությունը չարաշահելու դեմն առնելու համար է. «Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել միայն առնվազն վեց ամիս հետո»: Կարծում ենք, պարզ է, առանց հավելյալ մեկնաբանության, թե՝ ինչու այդպես: 
Ի դեպ, հոդվածի 4-րդ կետով է նշվում է. «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»:
Հասկանալի է, իհարկե, տրամաբանությունը: Ասենք, տնից-տեղից հեռու՝ պատերազմական վիճակ է, ռազմական դրություն, վարչապետն էլ՝ այդ պայմաններում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ նման պայմաններում անվստահություն հայտնելու ի՞նչ ժամանակն է: 
Բայց մյուս կողմից՝ եթե հենց ռազմական դրության պայմաններում վարչապետի գործունեությո՞ւնն է անվստահության առիթ տվել: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել: Թողնել, որ շարունակի՞ անվստահելի գործունեությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել