...Հայաստանի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած և ընտրական իրավունք ունեցող, երկկողմանի ծնողազուրկ, իր հանգուցյալ ծնողների մինուճար զավակ հանդիսացող յուրաքանչյուր ամուլ անձ։

Հայաստանի Հանրապետության նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով, ընտրիչների կողմից։

Ընտրիչներն ընտրվում են տաս տարի ժամկետով՝ կտրիչների կողմից։

Կտրիչներն ընտրվում են ցմահ՝ կեղեքիչների կողմից։

Կեղեքիչներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

Հայաստանի Հանրապետության վարչապետին նշանակում են մինյոնները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի առաջադրմամբ կամ առանց դրա, եթե Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահը գտնվում է արձակուրդում։

Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակվում է ցմահ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի մահը գտնվում է ասեղի մեջ, որը գտնվում է ձվի մեջ, որը գտնվում է հազարան բլբուլի փորում։

Հայաստանի Հանրապետության հազարան բլբուլին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Հազարան բլբուլը մշտական բնակության իրավունքով ապրում է Հայաստանի Հանրապետության նախագահի առանձնատան այգում։

Էսքան բան։ Թե չէ խառնվել եք իրար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել