Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր խոսքի մեջ նշում է, որ ԼՂՀ-ն գրավված տարածք է և պետք է հետ վերադարձվի Ադրբեջանին, այնուհետև շարունակում է իր խոսքը՝ նշելով, որ խաղաղ կարգավորման կողմնակից է, լավ հասկանալով, որ այսպիսի արտահայտությունից հետո՝ խաղաղ կարգավորում ակնկալելն արդեն իսկ հոգեկան շեղվածության նշան կդիտվի:

Ուորլիքի այս տեքստը սպասելի էր, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում ԱՄՆ-ն ավելի հայամետ դիրքորոշում ուներ, իսկ այդ ընթացքում Անգլիայի արքայազնն իր պարտության տարեդարձն էր նշում Թուրքիայում, այսպիսով Անգլիան իր ազդեցության ոլորտն ավելի է մեծացնում Ադրբեջանում և Թուրքիայում:

Բոլորիս է հայտնի, որ միջազգային քաղաքականության մեջ չկան հավասար կողմեր, որքան էլ որ դա խնամքով ուզում են թաքցնել բառերի ետևում: Նավթի առկայությունն Ադրբեջանում ստիպում է «Ժողովրդավար» ԱՄՆ-ին աչք փակել Յունուսի ձերբակալության, Ազատություն ռադիոկայանի անդամների հետապնդման դեպքերի վրա, իսկ ԱՄՆ-ն որքան էլ համարվի Անգլիայի քույր պետություն, միևնույնն է՝ ունի իր ամբիցիաները, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն պետք են: Ահա Ջեյմսի բերանով ԱՄՆ-ն լավություն է անում մեր ոխերիմ «բարեկամին»:

Մինսկի խումբը ոչ թե ԼՂՀ հարցն է լուծում, այլ այդ ձևաչափն իրենց շահերին են ծառայեցնում անդամ պետությունները՝ այս կամ այն հարցին տարբեր մեկնաբանություններ տալով: Հատկանշական է, որ Ուորլիքը նշում է աննախադեպ զոհերի քանակի մասին, իսկ նրանց մշտադիտարկողները Ղարաբաղ-ադրբեջանական սահմանը միշտ խաղաղ են տեսնում:

Ուորլիքը լավ է գիտակցում, որ ամեն այսպիսի արտահայտություն Ադրբեջանում անպատժելիության զգացում է առաջանում, և սադրանքներն ավելանում են սահմանին, որի արդյունքում զոհեր են գրանցվում, բայց դե նրա համար հայ զինվորն ընդամենը սրտաճմլիկ ստատուս գրելու հնարավորություն է, ոչ ավելին: Իսկ թեժ հայ-ադրբեջանական սահմանը ձեռնտու տարբերակ է իրենց վարած քաղաքականության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել