Խնդրին մոտիկից առնչվեցի 2011-ից: Երբ տղաս պետք է գնար մեր մոտակա մանկապարտեզը:

Գիտեք քանի մանկապարտեզ է եղել և մնացել մեր երկրում?

1989 թվականին Հայաստանում գործում էր 1335 մսուր-մանկապարտեզ:

1996 թվականի տվյալներով մնացել էր 1037 մանկապարտեզ: 

2003-ին այդ թիվը դարձել է 679:

2011-ին Երևանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը 161 էր, երեխաների ցուցակային թիվը 24669, իսկ աշխատողների թիվը` 4341:

Միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր շրջաններում փակվել է 67 մանկապարտեզ:
Իսկ Հայաստանի համայնքների 46 տոկոսը ընդհանրապես մանկապարտեզ չունեն:

Այդ մանկապարտեզները էժան գներով սեփականաշնորհվել են, վեր են ածվել դղյակների, մյուս մասը քանդվել է և նրանց տեղում բազմահարկ էլիտարներ են սարքել:

Երևանի նախկին ժամացույցի գործարանի մանկապարտեզի շենքը Աղբյուր Սերոբ փողոցում: Այսօր սեփականաշնորհված է և տրված վարձով: Ժամանակին այն 50.000 դոլարով էին վաճառում: 

Այգեստանի նախկին մանկապարտեզի շենքը: Այսօր սեփականացված է և ծառայում է մեկ ընտանիքին, հանրության փոխարեն: Իսկ կողքի այգում շներն են վազում, երեխաների փոխարեն

Արդեն գրել եմ նախկին մանկապարտեզների տեղում վեր խոյացած քարե էլիտար կույտերի մասին:

Համբարձումյան (նախկին Գայդառ) մանկապարտեզը քանդել և «էլիտար» են սարքել:

Նախադպրոցական կրթության մասին օրենքի հոդված 30-ը`
"Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:"

Այսօր մանկապարտեզի օտարումը արգելված է օրենքով, սակայն մի քանի օրինակներ արդեն գիտենք, թե ինչ ձևերով են շրջանցում օրենքի արգելքը:

Դա տեղի ունեցավ Նալբանդյան փողոցի տխրահռչակ շինարարության դեպքում:

Դա թույլ չտվեցինք թիվ 26 մանկապարտեզի ծնողների և աշխատակիցների հերոսական ջանքերի շնորհիվ 2011-ին:

Օրենքի այս դրույթը այսօր ինչ-որ տեղ կասեցրել է մանկապարտեզների վաճառքը: 
Բայց հիմա էլ դպրոցներին են անցել թալանչիները, ավիրողները:

Ահա վերջին դպրոցաքանդության մի քանի օրինակ`

Մռավյանի դպրոցը 2012-ի հոկտեմբերին մինչև քանդելը

Աճառյանի դպրոցը 2014-ի մարտին մինչև քանդելը

Թե ինչպես վաճառվեց Աճառյանի դպրոցը նկարագրել էի այն ժամանակ:

Հիմա Աճառյանի դպրոցի մնացած պատերը ևս չկան: Շինարարները «հանկարծակի» դա էլ են քանդել:

Շատերը տեղյակ չեն, որ 2002 թվականին առողջապահության նախարարությունը հաստատել է "Նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերը և կանոնները":

Կարդացեք, հիանալի նորմեր են: Շատ նման է Հ1-ով ցույց տրվող Հայաստանին:

Այնտեղ օրինակ դրույթ կա, որ մանկապարտեզները նախագծվում են 1, 2, 4, 6, 8, 12, 14 խմբերի համար` 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի:
Եվ 6 նախադպրոցական խմբերի` 140 հոգու համար շինության մակերեսը պետք է լինի 572 ք.մ., իսկ 14 նախադպրոցական խմբերի համար` շինության մակերեսը 1430 ք.մ է:

Իսկ ընդհանուր մակերեսը` խաղահրապարկներով, դահլիճներով, տնտեսական և կոմունալ սենյակներով, շինության մակերեսներով` 1 երեխայի համար վաղ հասակի խմբերում 5 ք.մ. է, իսկ նախադպրոցական երեխաների համար` 7.5 ք.մ !!!

Սահմանված են լուսավորության, օդի ջերմաստիճանի նորմաները:
Պատկերացնում եք` վաղ հասակի խմբերում խաղալիքները պետք է օրական 2 անգամ լվանալ տաք ջրով, օճառով, և այլն:

Ով է պահպանում այս նորմերը?

ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ Բելառուսից եկած դիտորդը զարմացել էր, թե ինչպես են Հայաստանում թույլ տալիս որ մանկապարտեզներում անցկացվեն քվեարկություններ` երեխաների խաղասենյակներում, ննջարաններում:
Հազարավոր մարդիկ ներս ու դուրս են անում մոտ 2 օր, և ընտրության ավարտի օրը, վաղ առավոտյան արդեն երեխաները գալիս են այստեղ` չմաքրած սենյակներ: Ցանկության դեպքում էլ չեն հասցնի մաքրել:

Սա ընտրատեղամասն է, թիվ 26 մանկապարտեզի երեխաների խաղասենյակում: Առավոտյան երեխաները պետք է այստեղ հատակին խաղան:

Մսուրի խումբը որպես ընտրատեղամաս, նույն տեղում

Տոտալ անտերության և թալանի վիճակ է: Հետո ասում եք Հայաստանը դառնում է թանգարան բաց երկնքի տակ: Թանգարանում երեխաներ չեն ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել