Հին ժամանակներում ասում էին «Errare humanum est»` մարդուն բնորոշ է սխալվելը:

«Եթե մեկը զգում է, որ իր կյանքում երբեք չի սխալվել, ուրեմն նա իր կյանքում երբեք էլ նոր բան չի փորձել». Ալբերտ Էյնշտեյն

«Ձեր սխալները բացահայտող թշնամին ավելի օգտակար է, քան դրանք թաքցնող ընկերը». Լեոնարդո դա Վինչի

Շատ մարդիկ վախենում են սխալներ գործել, նամանավանդ ուրիշների ներկայությամբ: Իհարկե, այդպիսին է հասարակության ազդեցությունը մարդկանց վրա, երբ Ձեր հաջողությունները (կյանքում, աշխատանքի վայրում, ընտանիքում) ընդունվում և խրախուսվում են, իսկ անհաջողությունները ու սխալները` արժանանում ծաղրանքի և քննադատության:
Բնականաբար, արդեն կյանքի նման պայմաններում մարդիկ հուսահատվում են, կորցնում իրենց ինքնավստահությունը, ընկնում է ինքնագնահատականը: Դրա հետևանքով միջավայրում սկսում է տիրել դիստիմ տրամադրվածություն, և նման միջավայրում, որտեղ սկսում ես մտածել՝ ավելի լավ է չխառնվել, որ հանկարծ սխալ դուրս չգամ, իհարկե, ոչ մի առաջընթացի մասին խոսք գնալ չի կարող:
Նայենք երեխաների օրինակով` ինչքան շատ կապտուկներ են ձեռք բերում, մինչև սովորում են քայլել: Այսինքն՝ ինչ-որ նոր բան սովորելու և վերջնական արդյունքի հասնելու համար սխալներից խուսափելն անհնար է:

Հարկավոր է թողնել, որ փոքրիկ երեխան ինքնուրույն գնահատի իր արարքը: Նույնիսկ եթե նա սխալ է գործում, մի շտապեք նրան կանգնեցնել, թողեք թող վերջացնի, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Դա նպաստում է փորձի ձեռքբերմանը և բարձրացնում է նրա ինքնագնահատականը:

Չէ՞ որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Քանի որ նա նաև չի էլ զարգանում: Իսկ մեր ամբողջ կյանքի ընթացքը հենց զարգացման մեջ է: Ցանկացած այլ դեպքում սպառնում է հետզարգացումը:
Ի տարբերություն կենդանիների, ովքեր շարժվում են կենդանական բնազդներով, մարդիկ ունեն գիտակցություն և կարող են կատարել ազատ ընտրություն:
Որպեսզի ընդունենք ճիշտ որոշումներ, հարկավոր է առաջ գնալ, թեկուզ և սխալվել, բայց մի քայլ առաջ անել. միայն այդ դեպքում կարող ենք հասկանալ, թե որն է ի վերջո ճիշտ ուղին:
Հաղթահարելով այդ խոչընդոտները` մենք ձեռք ենք բերում այն անգնահատելի փորձը, որն անհրաժեշտ է մեզ մեր ամբողջ կյանքում:
Երբևէ մտածե՞լ եք՝ որտեղից է առաջանում մարդկանց մեջ սխալվելու հանդեպ վախը: Իհարկե չեք էլ մտածի նույնիսկ, որ այն դպրոցը, որը մեզ այդքան բան է սովորեցնում, նաև մեր ենթագիտակցության մեջ ամուր դրոշմում է այն գաղափարը, որ սխալ գործելը լավ չէ: Սխալվել ես՝ ուրեմն ցածր կստանաս, սխալվել ես՝ ուրեմն կպատժվես: Վստահ կարելի է ասել՝ սա այն միակ վատ բանն է, որը դպրոցը մտցնում է մարդկանց ուղեղը: Իսկ հիմա հարկավոր է սովորել այլ բան` սխալներ գործելը շատ լավ է:
Սխալները նոր փորձ ձեռք բերելու բնական միջոցներից են:
Այն մարդիկ, ովքեր կյանքում ավելի հաջողակ են, ավելի շատ են սխալվում: Նրանք այդ սխալները կատարում են շատ արագ և շատ արագ էլ դրանցից իրենց օգուտն են քաղում:
Կա վարպետի մի այսպիսի հետաքրքիր բնորոշում: Իրական վարպետն այն մարդն է, որն ինչ-որ նեղ բնագավաում գործել է ամենահնարավոր սխալները:
Ահա ձեզ ներկայացնում եմ մի սխալ արտահայտություն. «Սովորել հարկավոր է ոչ թե սեփական սխալների, այլ ուրիշների սխալների վրա»: Սա շատ հիմար և անիմաստ արտահայտություն է:
Հիմնվեք Ձեր անձնական փորձի վրա և եղեք ինքնուրույն, վերլուծեք այն ամենն, ինչ կատարվում է Ձեզ հետ, մի նմանակեք և մի վերագրեք, փորձեք հասկանալ ինչի հետևանքով ինչ եղավ, այլ ոչ թե լսեք և միանգամից հավատացեք շաբլոն արտահայտություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել