Լոսանջելեսյան այդ թաղամասը, որի մասին բազմիցս հիշատակվում է ֆիլմում, ամենևին էլ չի հանդիսանում ֆիլմի գործողությունների վայրը: Փոխաբերական իմաստով դա խորհրդանշում է այն անօրինականությունն ու անբարոյականությունը, որով աշխատում էին ոչ միայն Չայնաթաունի, այլև ամբողջ Լոս Անջելեսի ոստիկանները 1920-30-ական թվականներին: Ոստիկանության այս սանձարձակությունների մասին հիշատակվում է «սև կինոյի» (նուար) ժանրի բազմաթիվ ֆիլմերում, այս թեման մինչ օրս էլ որպես ներշնչանքի առարկա է ծառայում մեծ վարպետների համար, մասնավորապես Քլինտ Իսթվուդի «Подмена» և Բրայան Դե Պալմայի «Черная орхидея» ֆիլմերում:
«Մեծն և ահավոր» Ջեք Նիքոլսոնի մարմնավորած գլխավոր հերոսը` Ջեյք Գիտտիսը, փակում է հին գործը, սկսում նորը` N175-ը՝ ամուսնական անհավատարմության հետաքննություն: Այդպիսի գործերն արդեն հոգնեցրել են մասնավոր խուզարկուին, և նա Ջրամատակարարման դեպարտամենտի ղեկավար ոմն Մալրոյի կնոջը խորհուրդ է տալիս գնալ ամուսնու մոտ և հաշտվել նրա հետ: Սակայն մի փոքր համոզելուց հետո նա, այնուամենայնիվ, վերցնում է այդ գործը և... Ինչպես դա հաճախ է լինում Ռոման Պոլանսկիի ֆիլմերում, սովորական մանրուքից սկսված պատմությունն արագ դուրս է գալիս գործող դեմքերի վերահսկողությունից և պարուրվում է խարդավանքային դետալներով, սարսափեցնող կանխազգացողություններով, մարդու հոգեկանին և նույնիսկ կյանքին սպառնացող վտանգներով:
Իրադարձությունների հորձանուտը, որում ակամայից սկսում է պտտվել մասնավոր խուզարկուն, իսկապես թշնամական է: Հանգամանքերը խորհրդավոր են: Մարդիկ, ում հետ նա հանդիպում է իր հետաքննության ժամանակ, բացասաբար են տրամադրված նրա նկատմամբ և դժկամությամբ են բացահայտում իրենց հնացած գաղտնիքները: Նրան սպառնում են հաշվեհարդարով, իսկ դանակով մարդը (ի դեպ` Ռոման Պոլանսկիի դերակատարմամբ) կտրում է նրա ձախ քթանցը, ինչի արդյունքում ֆիլմի հետագա ընթացքում հանդիսատեսը «հմայվում» է քիթը վիրակապած Նոքոլսոնով: Որքան խորն է նա փորում Ջրամատակարարման դեպարտամենտի «տակ», և որքան շատ են նրան փորձում «ֆռռացնել», այնքան ավելի է նա կատաղում ու վճռական դառնում: Նիքոլսոնի խաղացած այդ կերպարանափոխությունն ու վերափոխումը թերևս կարող են ծառայել որպես դերասանական վարպետության ձեռնարկ: Բայց միևնույն է` հերոսին չի հաջողվում դիմակայել միջավայրին, և ի վերջո միջավայրը «ճզմում» է նրան, «բարին» պարտվում է չարին:
Ֆիլմի ցնցող վերջաբանը նույնքան օրինաչափ է, որքան անհեթեթ: Ֆիլմի բոլոր գործողությունները, մթնոլորտը և ամբողջ այդ աշխարհը ստեղծվել էին՝ հանուն վերջին մի քանի րոպեների: Եվ համաձայնեք, վիրավորական է գիտակցել, որ ֆիլմը վերանայելիս այն արդեն այնքան էլ հետաքրքիր չի լինի, իսկ խոստացված խոր իմաստը, որը թաքնված էր այս խարդավաքների խորքում, պարզվում է` սենսացիա էր, որը թողնում է կարճաժամկետ էֆեկտ: Բայց այդպիսին է Հիչկոկի և «թրիլլեր» ժանրի թողած ժառանգությունը, իսկ Պոլանսկիի կրիմինալ դետեկտիվն իր արմատներով կպած է հենց այդ ժառանգությանը:
Դիտե՞լ: Ժանրի սիրահարներին` պարտադի´ր, քանի որ սա դետեկտիվների «ադամանդն» է: Մյուսներին` խիստ ցանկալի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել