Հակառակ նրան, որ մարդկանց մեծամասնությունը պատերազմ երևույթը համարում է ոչ-բնական ու հակամարդկային մի բան, իրականության ստույգ ընկալումն ապահովելու առաջնահերթությունից դրդված անհրաժեշտ է արձանագրել, որ պատերազմը մարդկության զարգացման մշտական ուղեկիցն է եղել, և հենց պատերազմական գործողություններում հակառակորդի հանդեպ առավելության հասնելու մղումն է առավելապես եղել տեխնիկական առաջընթացի հիմնական խթանը: Թեև սովորաբար հեշտությամբ կարելի է հասկանալ յուրաքանչյուր առանձին պատերազմի սկսման անմիջական դրդապատճառը, և պատերազմական թեմային նվիրված ծավալուն գրականության մեջ տրվում է նաև պատերազմների հիմնական տեսակների տիպաբանական նկարագիրը, սակայն չկա այն բանի բացատրությունը, թե ինչու է պատերազմ երևույթը մարդկային հասարակության մշտական ուղեկիցը եղել նրա զարգացման պատմության ողջ ընթացքում, անկախ այն բանից, որ տարբեր հասարակարգեր են միմյանց հաջորդել, իսկ նախկինի համեմատ անճանաչելիորեն փոխվել է ժամանակակից մարդու կենցաղն ու կյանքի որակը: Ու թեև պատերազմների ծագման անխուսափելիության հանգամանքը դեռևս, գոնե բաց ռեժիմով, իր հիմնավոր բացատրությունը չի ստացել, այնուամենայնիվ, պատերազմը՝ որպես քաղաքական ու տնտեսական կառավարման արդյունավետ միջոց-գործիք, լայնորեն կիրառվում է նաև, իսկ ավելի ճիշտ՝ հատկապես մեր օրերում: Հաճախ է այնպես ստացվում, որ ինչ-որ կոնֆլիկտային գոտում կամ ոլորտում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը մեկ այլ տեղում պատերազմական գործողությունների առաջացման պատճառ են դառնում, թեև այդօրինակ երևույթի պատճառահետևանքային կապը հաճախ դժվար է բացահայտել: Ամեն դեպքում, եթե, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող կողմերը՝ ԻԻՀ-ն ու վեցյակը, համաձայնության գան, մենք պետք է հաշվի առնենք այն, որ դրա արդյունքում իրավիճակն ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում կարող է էապես սրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել