Կար-չկար, ֆեյսբուքի մի օգտատեր կար: Նա շատ հպարտ ու երես առած թուլլա էր, ուներ ֆեյսբուքում 5000 ընկեր ու մի էդքան էլ հետևող, նրա ամեն նկարը հավաքում էր մոտ 3000, իսկ էշ-էշ արած գրառումները՝ մոտ 5000 լայք, նրան թվում էր, որ նա է աշխարհի տերը: Նա ապրում էր ուրախ ու երջանիկ, բայց մի օր նրա ընկերուհին առաջարկեց զբոսնել քաղաքում: Մեր օգտատերը շատ մեծ դժվարությամբ համաձայնվեց, որովհետև մի քանի ժամ մնալու էր առանց իր լայքերի ու գաղտնի երկրպագուների աջակցման: Նրա ընկերուհին ևս մեծ համբավ ուներ ֆեյսբուքում, նրա կիսամերկ նկարները և ընկերոջից ավելի էշ-էշ արած գրառումները ևս հավաքում էին բազմահազար լայքեր: Ու այդպես, երկու ֆեյսբուքյան գիգանտներ դուրս եկան փողոց: Զարմանալի էր, բայց փողոցում նրանց ոչ ոք չէր ճանաչում ու չէր լայքում: Մեր օգտատերն ահավոր անհարմար էր զգում իրեն, երբ փողոցում հանդիպող ոչ սլավոնական արտաքինով երիտասարդները շատ բազմանշանակ ռենտգենի էին ենթարկում նրա կողքով ճախրող կիսամերկ ըներուհուն: Մեր օգտատերը շատ ավելի վատ զգաց, երբ փողոցում անբռնազբոս երիտասարդներից մեկը, որն անգամ չգիտեր, թե ինչ է ֆեյսբուքը, ոտքի վրա կպցրեց գլամուրի մեջ խորտակված ու հերթական սելֆիին պատրաստվող օգտատիրոջ ընկերուհուն ու տարավ իր հետ անհայտ ուղղությամբ: Մեր օգտատերը հասկացավ, որ ընկերուհին անժամանակ դե-ակտիվ դարձավ իր համար: Նա փորձում էր բղավել, ճչալ, որ ինքն էն 5000 ընկեր ունեցող ֆեյսբուքցին է, որ ինքը դեմք է, որ իրեն ասել են, թե իր գրառումները հանճարեղ են, որ ինքը 4-5000 լայք է ստանում 5 րոպեն մեկ, բայց, ավա՜ղ, հասարակությունը թքած ուներ նրա աղիողորմ արցունքների վրա: Շարքային աբիժնիկի տրամադրությամբ մեր օգտատերը որոշեց մի կրեատիվ քայլ կատարել և միանալ փողոցում ինչ-որ նոր օրենքի դեմ բողոքող ցուցարարներին: Մեծ էր մեր օգտատիրոջ զարմանքը, երբ նրան վերջապես ճանաչեցին: «Վերջապես» հոգոց հանեց մեր օգտատերը` հուսալով, որ շուտով կրկին կհայտնվի հասարակական գահին, բայց կրկին ավա՜ղ... Ցուցարարները ոչ միայն ճանաչում էին նրան, այլև շատ լավ գիտեին, որ նա հանդիսանում է իշխանական ճամբարի ամենակարկառուն տափուկ «ժոպալեզներից» մեկը, որ նրա ստացած լայքերը տրվում են հենց իր նմանների, իրա մոտ աշխատողների, գլամուր անչափահասների, տխմար ֆեյքերի, տհաս օգտատերերի և սրանց հավասարեցվածների կողմից` ստեղծելով օգտատիրոջ համար սիրված լինելու խաբուսիկ միֆը: Ցուցարարներն ահավոր զայրացան, որ նման զիբիլը ցանկանում է ինքնահաստատվել իրենց ֆոնի վրա, և բազմաբովանդակ հայհոյանքներով ու նրբաճաշակ մոտեցումներով ուղարկեցին նրան իր սիրած գրողի սոցը: 
Մեր օգտատերը հասկացավ, որ ոչ միայն չսիրված է, այլև արհամարհված ու լքված: Բայց նրա հոգին անկոտրում էր: Արդեն գիշերվա 3-ն էր: Նա, նստած իր անձնական էջում, թերթում էր իր 5000-անոց ընկերների նկարները` փորձելով նրանց մեջ գտնել նրանց, ովքեր այդ օրը թքել էին իր արժանապատվության վրա: Ուշ էր. շատ ուշ, արդեն գիշերվա 4-ն էր, ու նրա ընկերուհուց խաբար չկար... Բայց դե, սաղ հեչ, կարևորը՝ նա 5000 ֆեյսբուքցի ընկեր ուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել