Hartak.am-ը գրում է.

Մարինե Դավթյանը զանգահարեց Hartak.am-ի խմբագրություն և խնդրեց, որ այս նյութը անպատճառ տեղադրենք:

Գրում եմ Արզումանյան Արտակի հարևանների կողմից:

Շուրջ 13 տարի է ճանաչում ենք Արտակի ընտանիքին, նա ապրում է մոր հետ, հայրը վաղուց է մահացել, նրանց հետ էր ապրում նաև Արտակի տատիկը, որը մահացավ 2014 թ. Դեկտեմբերին: Արտակին ճանաչում ենք որպես շատ լավ մարդ, բարի անձնավորություն, հոգատար հայր: Չնայած, որ ամուսնալուծվել էին, բայց նա շարունակում էր տեսակցել երեխային, ինչին միշտ խոչնդոտում էին կինը և նրա ծնողները: Հուլիսի 6-ին, Արտակը կրկին անգամ գնացել էր երեխային տեսակցելու, իսկ աները՝ Աշոտ Սուքիասյանը, ասելով որ երեխան քնած է, Արտակին հրավիրել է նկուղ, որը նաև իր արհեստանոցն է, իբր խոսելու բան ունի: Արտակն առանց ինչ-որ բան կասկածելու, քանի որ միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, գնացել է, որտեղ Աշոտ Սուքիասյանը նրան արգելել է այլևս տեսնել երեխային, ինչի հետ Արտակը չի համաձայնվել: Այդ ժամանակ աները առանց որևէ բան ասելու ծծմբական թթուն շփել է Արտակի դեմքին, այնուհետև նրան հրելով գցել է գետնին և փախել է տուն, դուռը ներսից կողպել: Արտակը ինքնուրույն դուրս է եկել փողոց, հարևանների օգնությամբ զանգել շտապ օգնություն և տեղափոխվել հիվանդանոց: Երբ մենք գնացինք հիվանդանոց նրան տեսնելու, նա անընդհատ կրկնում էր ախր ես ոչինչ չեմ ասել: Այսօր Արտակի վիճակը շատ ծանր է, ձախ աչքը 100 % չի տեսնում, աջը՝ ներկայիս պահին 20 % տեսողություն ունի, դեմքը և մարմինը տարբեր աստիճանի խորը վնասվածքներ են ստացել: Ամեն օր Արտակին հիվանդանոց այցելության ժամանակ միջանցքում հանդիպում ենք Աշոտ Սուքիասյանին, որը դեռ գտնվում է ազատության մեջ, և նրա հարազատներին, որոնք քայլում են հիվանդանոցի տարածքում ինչպես հաղթանակած մարդիկ: Նշեմ որ, Աշոտ Սուքիսյանը մասնակցել է Արցախյան հերոսամարտին, ուր գնացել էր հային պաշտպանելու թշնամուց, այնինչ իրականում իրենից պետք է պաշտպանվել: Հուսով ենք, որ այս հոդվածից հետո կբացառվեն հնարավոր կեղծիքները և այդ դաժան հանցագործը կստանա իր արժանի պատիժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել