makFact.am-ը գրում է.

Հուլիսի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ում Հայաստանի և Նիդեռլանդների մշտական ներկայացուցչությունները կազմակերպեցին ձեռներեցության ու կայուն զարգացման հարցերին նվիրված միջոցառում-քննարկում՝ «Ավելին, քան դրամական փոխանցումներ. բազմակողմ գործընկերությունների դերը ձեռներեցության և համայնքների կայուն զարգացման համար» (“Multi-Stakeholder Partnerships beyond Remittances: Sustainable Entrepreneurship for Local Communities in the Post-2015”) խորագրով. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը:
Այն անցկացվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո Քաղաքական բարձրաստիճան ֆորումի շրջանակներում` ՄԱԶԾ հետ համագործակցությամբ:

Երեք հիմնական հատվածներից բաղկացած այս քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ և Նիդերլանդների մշտական ներկայացուցիչներ Զոհրաբ Մնացականյանն ու Կարել ֆոն Օսթերոմը: Միջոցառմանը ներկա էին մի շարք անդամ-երկրների, ՄԱԿ գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Բանախոսների կազմում էին ՄԱԿ կապիտալի զարգացման հիմնադրամի ներառական ֆինանսների հարցերով տնօրեն Անրի Դոմելը, “Harvest Song” արտադրության տնօրեն, ձեռներեց Սիլվիա Տիրակյանը, “Կարաս” հայկական գինիների արտադրության նախագծերի ղեկավար Վահե Կոշգերյանը, Իսրայելի MASHAV միջազգային զարգացման գործակալությանը կից ուսումնական կենտրոնի նախագծերի ղեկավար Շահեր Ռեմը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակին կից «Կոլբա լաբ» նորարարական կենտրոնի ղեկավար Մարինա Մխիթարյանը:

Կայացած քննարկմանը անդրադարձ կատարվեց արտադրողականության, ձեռներեցության և կայուն զարգացման խթանմանն ուղղված միջազգային ծրագրերի, նախագծերի և նախաձեռնությունների լայն շրջանակին: Մասնակիցները մտքեր փոխանակեցին կարողությունների ամրապնդման, վերապատրաստման, նորարարությունների և ձեռներեցության խթանմանն ուղղված գործիքների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել