Քրդերենին վարժ տիրապետող պապի հետ իր պատանեկության տարիներին բազմիցս Քարվաճառ այցելած արցախցի ընկերներիցս մեկը երեկ հետաքրքիր տեղեկություններ էր պատմում այս տարածքի նախկին քրդերի մասին:

Մասնավորապես չափազանց ուշագրավ էր, որ արդեն անցյալ դարի 70-80-ականներին տեղի քրդերի շրջանում քրդերենը գրեթե ամբողջությամբ կորցրած է եղել իր «պրեստիժայնությունը» և գրեթե բացառապես կիրառվել «գաղտնալեզվի» կարգավիճակով, այն ժամանակ, երբ ավագ սերունդը ցանկացել է անհասկանալի դարձնել զրույցի բովանդակությունն ավելի երիտասարդների համար՝ միևնույն ժամանակ խոսւափելով այդ լեզուն տան պատերից դուրս գործածելուց:

Հաջորդ հետաքրքիր հանգամանքն այն էր, որ Քարվաճառի նախկին քրդերը մտերմիկ զրույցի ընթացքում իրենց կոչելիս են եղել «սրով մահմեդականացած» (ադրբ.՝ «ղըլընջ մյուսյալմանը»)՝ բնորոշում, որը հաճախ հանդիպում է նաև ներկայիս Ադրբեջանական Հանրապետության սահմաններում ընդգրկված հատկապես պատմական Շիրվանի տարածքներում և բացակայում, ասենք, թալիշաբնակ շրջաններում, ինչի մեկնաբանության հարցում առկա են տարակարծություններ հենց ադրբեջանցիների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել