Իրանի և «վեցյակի» միջև Վիեննայում ընթացող բանակցություններում ամենադժվար լուծվող խնդիրներից մեկն Իսլամական Հանրապետության հանդեպ զենքի և սպառազինությունների ոլորտում ներկայում կիրառվող պատժամիջոցների վերացումն է, ինչին միջազգային միջնորդներից ակնհայտորեն կողմնակից է Ռուսաստանը, սակայն առայժմ դեմ՝ ԱՄՆ-ը:

Սեփական միջուկային ծրագրի որոշակի սահմանափակումների գնով գնալով տնտեսական և ֆինանսական բնույթի պատժամիջոցների հանմանը՝ քաոսային իրավիճակում գտնվող Մերձավոր Արևելքում արդեն իսկ բացառիկ դերակատարություն ստանձնած Թեհրանը բնականաբար ձգտելու է կարելվույն չափ հզորացնել և արդիականացնել իր ռազմական կարողությունները, ինչը հնարավորություն կընձեռի ավելի վստահորեն պաշտպանել իր շահերը Սիրիայից մինչև Եմեն՝ մի կողմից «Իսլամական պետության» տիպի ահաբեկչական կառույցների հետ պայքարում, իսկ մյուսից՝ Թուրքիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ տարածաշրջանային մրցակցությունում:

Հենց այս տեսանկյունից է, որ չնայած իրանական կողմի որոշ ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իրենց համար զենքի և սպառազինությունների ոլորտն ընդգրկող պատժամիջոցների վերացումն ինքնին կարևոր չէ, իսկ խնդիրը սկզբունքային է զուտ այն առումով, որ Իրանի հանդեպ պետք է վերացվեն անխտիր բոլոր պատժամիջոցները, ուղղակի դիվանագիտական հնարք է, և Թեհրանն ամեն ջանք գործադրելու է իր համար կենսական կարևորություն ունեցող այս տիրույթում ևս հաջողության հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել