Մի ժողովածու եմ առել՝ «XX դարի երկրորդ կեսի հայ պատմվածքի ընտրանի», Գալշոյանն էլ էի էդտեղից վերցրել: Հիմա Աղասի Այվազյանի «Ավետարան ըստ Հավլաբարի»-ն եմ կարդում: Աաախ, ինչ սիրուն է: Պոեզիա: Հենց առաջին պարբերությունն արտագրեմ, կարդացեք, զգացեք սիրունությունը: Մաա՜շ, իր լեզվով էս պատմվածքի մեջ ասած:))


Հավլաբարից ամեն ինչ երևում է: Ամբողջ Թիֆլիսը իր ծակուծուկով՝ Շեյթան բազարը, Երևանյան հրապարակը, Սապնի քուչան, Նարիղալան, Սուրբ-Սարգիսը, Սիոնը, հունական եկեղեցին... Հավլաբարից երևում են պարոն Խատիսովի, Մելիք-Կազարովի տները, Թամամշևի քարվանսարայը, Տեր-Օսիպովի, Զուբալովի թատրոնները, Գոգիլովի բաղնիքը... Հավլաբարից երևում են տիկին Սալոմկայի խաժ աչքերը, մադամ Սուսաննայի ճերմակ ոտքերը, քաբլատոնի Մերիի՝ ֆունիկուլյորին միշտ ուղղված, նրան հավասար պահած հպարտ կուրծքը... Հավլաբարից երևում են չարչի Մարտիրուզի ներքնակի մեջ հավաքած փողերը, Լոքո Սաքոյի կարկատանները... Հավլաբարից, տո՛, երևում է Կոջորը, Բորչալուն, Շավնաբադին ու... Փարիզը: Հավլաբարից երևում են Թիֆլիսի հարսանիքներն ու թաղումները, հիվանդություններն ու երազները... Հավլաբարից երևում են Թիֆլիսի դարդերը: Ու թե դարդերը շատ են տանջում քեզ, Հավլաբարից երևում է Սարկիսովի գինու պադվալը՝ որտեղ «հարբելը արժե մի աբասի»: Նշանակում է՝ ոչ թե գինին արժե մի աբասի, այլ դարդեր խեղդելու գինը մի աբասի է: Խմիր ինչքան կարող ես: Հարբելը արժի մի աբասի: Գիտեն, որ դարդերը շատ են Թիֆլիսում, Հավլաբարի շուրջն ու Հավլաբարում... Հավլաբարում մարդիկ թասիբ են պահում, նամուսի համար իրար աչք են հանում, իրար սպանում են, իրենք իրենց են սպանում... Ու սիրում են սպանելու չափ, ատելու չափ, փախչելու չափ... Ու եթե սիրելուց դարդակոխ են լինում, ճարի մի աբասի ու գնա Սարկիսովի գետնափոր գինետունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել