Hetq.am-ը գրում է.

Աշխատանքային երկօրյա այցով երեկ Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար  Օթար Դանելիան: Նրան դիմավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ինչպես հայտնում է ԳՆ լրատվական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարները  նախօրեին այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություններ: Նրանք շրջել են Արարատի սննդի կոմբիտատի բնական հյութերի, թեյի և մուրաբաների, պահածոների արտադրամասերում, հետևել արտադրության կազմակերպման գործընթացին, ծանոթացել այստեղ ներդրված տեխնոլոգիաներին, մասնավորապես շվեդական  հոսքագծի աշխատանքին, ինչպես նաև եղել են ընկերության լաբորատորիայում:

Այնուհետև երկու հարևան երկրների նախարարներն ուղևորվել են Արագածոտնի մարզում գտնվող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: Սերգո Կարապետյանն ու Օթար Դանելիան շրջել են խաղողի այգիներում, իտալական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գինու և կոնյակի գործարանում, որտեղ արտադրվում են «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ: Արտադրանքը սպառվում  է ոչ միայն ներքին շուկայում, այլև արտահանվում է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Սերգո Կարապետյանի խոսքով` վրացի գործընկերներն առավելապես հետաքրքրված են պահածոների արտադրության, ձկնաբուծական տնտեսությունների, անասնապահական ֆերմաների զարգացման հայկական փորձի ուսումասիրությամբ և իրենց երկրում ներդրման հնարավորություններով:

«Որպես հարևան երկրներ` մենք գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու, և այս այցը հատկապես կարևոր է փորձի փոխանակման, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների սերտացման առումով»,-ասել է Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ նախատեսվում է նաև իր պատասխան այցը Վրաստան:

«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և ես շատ ուրախ եմ հյուրընկալվել ձեր երկրում: Պետք է նշեմ, որ մեզ շատ տպավորել է, թե որքան զարգացած է ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտը: Համոզված եմ, որ մենք շատ հարցերում կարող ենք միմյանց օգնել, աջակցել, փորձի փոխանակում իրականացնել», - նշել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դանելիան:

Օթարի Դանելիան վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ, որը հարկավոր է օգտագործել:

Այսօր Վրաստանի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարներն այցելել են Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարաններից մեկը, «Սպայկա» ընկերության ջերմոցային տնտեսություններ, որտեղ ամսաբողկի մշակություն է իրականացվում, այնուհետև ուղևորվել Ջերմուկի անասնապահական համալիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել