Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայից վերադարձած կրթության  և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց աշխատանքային այցի ընթացքում  Հայաստանի կողմից ֆրանսիական կողմին ներկայացված առաջարկներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանց թվում  նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանի՝ Ֆրանսիայի կողմից պետական հավատարմագրումը: «Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի հազար  կիլոմետր շառավղով  տարածաշրջանում ֆրանսիական բարձրագույն կրթության այլ կենտրոն չկա: Եվ Հայաստանի ֆրանսիական համալսարանը կարող  է գրավիչ լինել նաև Վրաստանի, Իրանի, Հարավային Ռուսաստանի ու Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների ուսանողների համար»,- նշեց Արմեն Աշոտյանը:

-Պարո՛ն Աշոտյան, օրերս կայացավ ՀՀ վարչապետի այցը Ֆրանսիա. որպես պատվիրակության անդամ և կրթության և գիտության նախարար ինչպես՞ եք գնահատում հայ-ֆրանսիական հարաբերություններն առհասարակ, և մասնավորաբար,  կրթության և գիտության ոլորտներում:

-Կրթության և գիտության հարցերը հայ-ֆրանսիական հարաբերություններում իրենց ուրույն և կարևոր տեղն ունեն, ինչը քանիցս ընդգծվեց վարչապետի այցի շրջանակներում, տեղի ունեցած հանդիպումներին: Եվ այս համագործակցությունն ունի մի քանի ուղղություններ: Նախ, հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր, Հայաստանը շահագրգիռ է իր դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդման խորացմանը: Արդեն այսօր ֆրանսերենը բավականին լայնորեն տարածված է մեր կրթական համակարգում և թեպետ օտար լեզուների դասավանդման ծավալով երրորդն է, այդուհանդերձ, սկսել է համարվել առավելության լեզու՝ տիրապետելու տեսակետից: Ըստ որում, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Մյուս ուղղությունն, իհարկե, ֆրանսիական լիցեի գործունեությունն է Հայաստանում, լիցեյ, որը բացեցինք այս տարի և որպես  վերջնանպատակ ունենք Հայաստանում գործող ֆրանսիական լիցեից ստանալ  ֆրանսիական հանրակրթական հաստատություն: Իհարկե, շատ կարևոր է, և մեր հումանիտար համագործակցության այցեքարտն է հանդիսանում  Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որը լուրջ կայացած ուսումնական հաստատություն է ՝ որակյալ կրթություն մատոցող: Բայց այն միաժամանակ զարգացման մեծ պոտենցիալ ունի, և այդ հարցերը նույնպես քննարկվում էին վարչապետի  այցի շրջանակներում: Մասնավորապես, մենք երկու առաջարկ ենք արել ֆրանսիական կողմին. առաջինը՝ պետականորեն   հավատարմագրել  Ֆրանսիայում  Հայաստանի ֆրանսիական համալսարանը և երկրորդ՝  դիտարկել այն որպես ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ՝ տարածաշրջանային կենտրոն, որում ուսուցման հնարավորություն կստանան ոչ միայն հայաստանցիները, այլև օտարերկրացի ուսանողներ: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի հազար  կիլոմետր շառավղով  տարածաշրջանում ֆրանսիական բարձրագույն կրթության այլ կենտրոն չկա: Եվ Հայաստանի ֆրանսիական համալսարանը կարող  է գրավիչ լինել նաև Վրաստանի, Իրանի, Հարավային Ռուսաստանի ու Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների ուսանողների համար:Նաև մեզ համար շատ կարևոր են  մեր հայրենակիցների՝ Ֆրանսիայում հայալեզու կրթություն ստանալու հնարավորությունները և պատահական չէ, որ Ալֆորվիլ քաղաքի հայկական դպրոցի բացմանը ներկա էին ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի վարչապետը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը: Սա վկայում է ոչ միայն բարձր միջպետական հարաբերությունների մասին, ոչ միայն այն մասին, որ մեր հայրենակիցները տեղն ու դերը Ֆրանսիայի կյանքում ու հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման մեջ շատ մեծ է, այլև կրթության ոլորտների հարցերի նկատմամբ երկու կառավարությունների հատուկ ուշադրությունն է ընդգծում: Նմանատիպ այցերը լրացուցիչ լիցք են հաղորդում  ձևավորված բարեկամական հարաբերություններին և խորը քաղաքական ենթատեքստ ու իմաստ ունեն՝ հաշվի առնելով Ֆրանսիայի նկատմամբ մեր պետության և ժողովրդի ունեցած վերաբերմունքը, որը  փոխադարձ է: Եվ այդ ջերմությունը կարմիր թելով անցնում էր մեր պատվիրակության բոլոր աշխատանքային հանդիպումերին միջով:

-Կա՞ն Ֆրանսիայում գործող կրթական հաստատությունների, մասնավորապես, Սորբոնի համալսարանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ՝ նույն աշխարհաքաղաքական , կրթական-մշակութային իրողությունների համատեքստում:

-Զարգացնում ենք մեր հարաբերությունները, ոչ միայն օրակարգով, որը թվարկեցի և որը վարչապետի այցի շրջանակներում քննարկվել է, այլ նաև բազմաթիվ երկկողմանի հարաբերություններ ունեն մեր բուհերն ու գիտահետազոտական հիմնարկները: Հատկապես, հատկանշական է, և դա ընդգծվեց նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի  նախագահի  հետ հանդիպման ընթացքում, որ Հայաստանում կայացած եվրոպական  նախարարների համաժողովը, որն իր բարձունքի վրա էր և որ  մենք Երևանից եվրոպական բարձագույն կթական տարածքի մայրաքաղաք լինելու  էստաֆետը փոխանցեցինք հենց Փարիզին: Ի դեպ, 2018 թ. նախարարական համաժողովը կայանալու է հենց Սորբոնի համալսարանում:

-Մեր  դիպլոմների ինքնաբերաբար՝ ավտոմատ   ճանաչման առումով ինչ կասեք, ե՞րբ կարող ենք այս մասին խոսել:

-Եվրոպական կրթական տարածքում« ավտոմատ ճանաչում» հասկացություն այսօր գոյություն չունի: Ճանաչումը  խարսխված է բացառապես անկախ գնահատման համակարգի վրա, որը ապահովվում է ազգային որակի ապահովման կենտրոնների կողմից: Նույն համակարգն է ներդրված նաև Հայաստանում, և եթե ազգային հավատարմագրման  գործակալությունները՝ լինելով եվրոպական բարձրագույն տարածքի անդամներ, հավատարմագրում են բուհերը, ապա  դա լրացուցիչ ճանաչման խթան է հանդիսանում: Մասնավորապես, Հայաստանի պարագայում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այսօր երկու հայաստանյան բուհ՝  Ճարտարապետաշինարարական համալսարանը և Պոլիտեխնիկը անցնում են ֆրանսիական հավատարմագրման և գնահատման գործընթաց, որը հուսով եմ՝ կավարտվի դրական եզրակացությամբ:

-Դա ի՞նչ է նշանակում, պարոն Աշոտյան:

-Մենք այսօր շարունակում ենք գործադրել մեր ջանքերը, որպեսզի Հայաստանը՝ լինելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս, իր  կրթական ծառայություններով համադրելի և  ճանաչելի  լինի եվրոպական երկրների հետ և համար: Պարզապես, պետք է  մի բան հստակ հասկանալ, որ եվրոպական բազմաթիվ երկրներում ճանաչման  խնդիրը դրված է ոչ թե պետության ուսերին, այլ անկախ գործակալությունների և համալսարանների: Եվ համալսարաններն են, որ ճանաչում են իրենց գործընկեր բուհերի դիպլոմները և տալիս  հնարավորություն՝ շարունակելու կրթությունը և գործատուն է ճանաչում շրջանավարտների դիպլոմները՝ նրանց աշխատանքի ընդունելով: Միջպետական համաձայնագրերով այս հարցերը եվրոպական երկրներում վաղուց չեն կարգավորվում: Կարգավորվում են այլընտրանքային անկախ գործընթացներով, որտեղ պետության դերը կարևոր է, բայց ոչ որոշիչ:

-Մի, այսպես ասած, կրթաքաղաքական հարց: Կարելի՞ է ասել, որ մենք կոմպլեմենտարիզմ եք իրականացնում  ու ապահովում  կրթական դաշտում՝ եվրասիական ու ԵՄ շրջանակներում:

-Քաղաքականության ոլորտում Հայաստանը միշտ շարժվելու է իր սեփական շահերից բխող, այլոց շահերի հետ համադրման սկզբունքով,  երբեք չենք իրականացրել քայլեր,  որոնք գերտերությունների շահերի բախման արդյունք են: Այդ տեսակետից Հայաստանը դիվանագիտորեն կարելի է դիտարկել որպես կոնսենսուսային գոտի՝ երկիր: Ինչ վերաբերում է Ձեր հարցի կրթական բաղադրիչին, ապա առանձին եվրասիական կրթական նախագիծ այս պահին գոյություն չունի և եվրասիական անդամ 5 երկրներից 4-ը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս են: Մենք կողմ ենք եվրասիական կրթական առանձին նախագծին, ինքներս նման նախաձեռնություններ ունենք, բայց այդ նախագիծը պետք է համադրելի լինի եվրոպական կրթական տարածքի՝ մեր միտումներին, զարգացումներին և չափանիշներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել