Երեկ Բաղրամյան պողոտան բացելուց հետո ցուցարարները կրկին վերադարձան Ազատության հրապարակ: ՀՀ նախագահի հայտարարությունից հետո հասարակության տարբեր շրջաններում կարծիքներն իրարամերժ էին: Ցուցարարներից ոմանք կարծում էին, որ սա իրոք հաղթանակ է, իսկ ոմանք էլ պնդում էին, որ դա ուղղակի ժամանակ շահելու միջոց է:

Ինչևէ, նրանց քննարկումները դեռ շարունակվում են: Ակտիվ մեկնաբանություններից ու քննարկումներից զերծ չեն մնում նաև լուսանցքից դուրս մնացած մի շարք քաղաքական ուժեր և նախկին իշխանական գործիչներ:

Մասնավորապես՝ վերը նշվածների դասին է պատկանում կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, ով տարիներ առաջ իշխանությունների «գնացքից» թռավ Լևոն Տեր-Պետրոսյանի «վագոն»՝ մտածելով, թե շուտով կլինի իշխանափոխություն:
Ինչպես երևաց՝ հաշվարկը սխալ էր: Ինչևէ, ուշագրավն այն էր, որ նա հարցազրույցի ժամանակ կտրուկ հայտարարություն էր արել և սպառնացել, որ եթե հարթակում կանգնած երիտասարդները չբռունցքավորվեն, ապա նա ստիպված կլինի ասել, թե այդ երիտասարդներից յուրաքանչյուրն իրենից ինչ է ներկայացնում:

Այսինքն՝ ստացվում է, որ Սաղաթելյանն ունի փաստեր, որոնց հրապարակումից հետո կբացահայտվեն հարթակում կանգնած երիտասարդների իրական շարժառիթները: Այստեղ հարց է առաջանում, եթե կան անհերքելի փաստեր, ապա ինչի՞ն է նա սպասում, ինչո՞ւ մինչև հիմա չի հրապարակում: Ի՞նչ ակնկալիքներ ունի նա այդ երիտասարդների միավորվելուց և ժողովրդի մոտ նրանց կեղծ հայրենասիրությունը չբացահայտելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել