Tert.am-ը գրում է.

Անչափահասների նկատմամբ իրականացվող արդարադատությունը առաջիկայում լինելու Արդարադատության նախարարության ուշադրության ներքո։ Այսօր մեկնարկեց «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը, որը պետք է իրականացվի Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ։

Ծրագրի մեկնարկի ազդարարմանը ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նշեց, որ այսօր անչափահասները հաճախ ներգրավվում են ոչ միայն քրեական գործերում, այլ նաև վարչական ու քաղաքացիական, ինչը նշանակում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել երեխաների իրավունքներին։

«Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ սկիզբ է դրել ՀՀ-ում երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված մի նոր նախաձեռնության, որը, ըստ էության, արտացոլում է ոլորտում կառավարության ուղղությունները։ Այս ծրագիրը կապահովի ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում երեխաներին վերաբերող դրույթների համապատասխանեցումը ՄԱԿ-ի չափորոշիչներին, որպեսզի հստակ երաշխիքներ սահմանվեն պատշաճ կերպով և լավագույնս պաշտպանելու երեխաների շահերը»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ ԱՆ-ի կողմից մշակված և մշակման փոլում գտնվող քրեական դատավարության և ՔՕ-ի նախագծերում հաշվի են առնվել ու հետագայում էլ հաշվի են առնվելու երեխաների արդարադատության ոլորտում համաշխարհային պրակտիկայի լավագույն փորձը։

«Հատուկ նշեմ, որ ոլորտում կարևոր է բոլոր շահագրգիռ մարմինների համակարգված ու համատեղ աշխատանքը։ Առանցքային դեր ունի այստեղ Արդարադատության նախարարությունը՝ որպես ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին, սակայն կարևորագույն մասնակցություն ունեն նաև ոստիկանությունը, քննչական մարմինները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՏԿԱԻՆը, և համայնքները։ «Նախարարությունը պատրաստ է բոլոր կառույցների ու անհատների ջանքերը մեկտեղելու՝ ապահովելու երեխաների պաշտպանության համակարգը զարգացնելու համար»,- ասաց նա։

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը նշեց, որ ծրագիրը կարևոր քայլ է օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների պաշտպանության ոլորտում։ Նա ընդգծեց, որ այսօր աշխարհում բազմաթիվ երեխաներ ոչ միայն քրեական դատավարությունում են ներգրավված, այլ նաև առնչվում են վարչական ու քաղաքացիական արդարադատության համակարգի հետ՝ որպես տուժածներ, վկաներ, կասկածյալներ։

«Երեխաները այս համակարգում հատուկ կարիքներ ու իրավունքներ ունեն։ Եթե արդարադատության համակարգը չի համապատասխանում այս չափանիշներին, կարող է լրացուցիչ վնաս հասցնել այդ երեխաներին։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է հայտնաբերել ամենախոցելի երեխաներին, որոնք լրացուցիչ խնդիրներ ունեն արդարադատության մատչելիության տեսակետից։ Հայաստանը բավականաչափ քայլեր է իրականացրել անչափահասների արդարադատության համակարգը բարելավելու ուղղությամբ։ Այսօր երկրում շատ քիչ անչափահասներ կան ՔԿՀ-ներում, ինչ շատ լավ է»,-ասաց նա:

Նա նշեց նաև, որ այս ծրագրի շրջանակում պետք է վերանայվի օրենսդրական դաշտը՝ մասնավորապես անչափահասներին վերաբերող դրույթները։

Նշենք, որ ծրագիրը պետք է իրականացվի 2016-2020թթ-ի ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել