Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում հուլիսի 3-ն մեկնարկած համաշխարհային ամառային 28-րդ ունիվերսիադայի ծրագրով սպորտային մարմնամարզության մրցաշարում այսօր մեդալներ են խաղարկվում առաձին գործիքների վրա: 
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Հայաստանի պատվիրակներից տղամարդկանց օղակների վրա վարժության որակավորման մրցումներում փայլուն էր հանդես եկել մեր նորօրյա օղակների արքաներից մեկը՝ 23-ամյա Արթուր Թովմասյանը, ով հրաշալի արդյունքով՝ 15,75 միավորով, գրավել էր 1-ին տեղը, մտել էր եզրափակիչ ու այսօր 8 ուժեղագույնների շարքում վիճարկում էր ունիվերսիադայի չեմպիոնի կոչում: 
Քիչ առաջ Գվանժուում ավարտվեց օղակների վրա վարժության եզրափակիչը: Թովմասյանն այստեղ էլ իրեն գերազանց դրսևորեց ու, նկատելորեն առաջ անցնելով իր մերձակա մրցակիցներից, վաստակած 15,5 միավորով հռչակվեց համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն ու Հայաստանի պատվիրակությանը պարգևեց առաջին մեդալը, որը ոսկե պարգև է: 
Շնորհավորում ենք երիտասարդ մարմնամազիկին ու մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բաղդասարյանին այս փայլուն նվաճման առթիվ: 
Արթուրին հետևեցին ու մրցանակային եռյակում տեղեր զբաղեցրին՝
2. Իգոր Ռադիվիլով, Ուկրաինա՝ 15,266 միավոր, 
3. Իբրահիմ Չոլակ, Թուրքիա ՝ 15,133 միավոր:
Ի դեպ, Թուրքիայի ներկայացուցիչը Բաքվում հունիսին կայացած Եվրոպայի ամառային մարզական 1-ին խաղերի բրոնզե մեդալակիրն է (15,133): Նկատենք նաև, որ Բաքվում 15,5 միավոր արդյունք արձանագրելու դեպքում Արթուր Թովմասյանը կկարողանար դառնալ Եվրոխաղեր-2015-ի արծաթե մեդալակիր ու ետ կմնար միայն 15,633 միավոր ցուցանիշով խաղերի չեմպիոն դարձած, Եվրոպայի գործող չեմպիոն, հույն մարմնամարզիկ Էլեֆթերիոս Պետրունիասից:
Հավելենք նաև, որ Արթուր Թովմասյանն ընթացիկ մրցաշրջանում ապրիլին Մոնպելիեում (Ֆրանսիա) ընթացած Եվրոպայի առաջնությունում 15,3 միավոր արդյունքով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը, իսկ մարտին Դոհայում (Քաթար) կայացած աշխարհի գավաթի 8-րդ խաղարկությունում էլ 15,425 միավոր ցուցանիշով արժանացել էր արծաթե մեդալի: 
Պատրաստեց Արամ Ուգուջյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել