Tert.am-ը գրում է.

Եթե երկրի տնտեսական, գիտական, մշակութային ոլորտում ոչինչ չի փոխվում, մենք դատապարտված ենք ցույցերի: Պետք է արտագաղթող Հայաստան երկիրը դառնա ներգաղթող հայրենիք: Բաղրամյան պողոտայի շարժումը պետք է կրի ոչ թե «Ոչ թալանին» անունը, այլ «Ոչ կողոպուտին»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ նշելով, որ հնարավոր չէ սոցիալական հարցը երկար պահել առանց քաղաքականացնելու:

«Եթե շարժումը նպատակ է դրել քաղաքացիական սեկտորով գնալ առաջ, թող գնա, բայց լիդերներ են պետք, շարժումը համակարգողներ, ղեկավարողներ: Իհարկե, կաշառված լիդեր պետք չէ, օտարի կյանքով հմայված լիդեր պետք չէ: Իշխանությունն այժմ ձգտում է ձգել և մաշեցնել ամեն ինչ: Բայց հաշվի չեն առնում, որ սա մի հարց է, որ բնակչության 80 տոկոսին է վերաբերում, իսկ այն 20 տոկոսը կողոպտողներն են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա Լևոն Շիրինյանը չի համարում, որ նրանք լավություն են արել ժողովրդին՝ հանդուրժողականություն դրսևորելով:

«Մենք 25 տարվա մեջ մեկ անգամ չտեսանք, որ հայ ժողովրդի համար մի օգտակար գործ արած լիներ ոստիկանությունը: Ժողովուրդն իր իրավունքները պաշտպանելու իրավունք ունի, հայ հասարակությունը պետք է դառնա իրավատեր հասարակություն»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել