Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի համոզմամբ՝ այս փուլում կառավարությունը պետք է ներկայացնի էլեկտրաէներգիայի հարցով աուդիտ անցկացնելու տեխնիկական  առաջադրանքը: 

«Աուդիտի մասով կառավարությունը պետք է հստակեցնի  և սեղանին դնի դրա տեխնիկական առաջադրանքը, այսինքն՝ ինչ է արվելու, նկարագիրը լրջորեն ուսումնասիրվի  և ճշգրտվի հնարավոր մասնակիցների ցանկը»,- ասաց նա և հավելեց, թե առաջ է քաշվել հանձնաժողովի գաղափար, որի կազմում ակնկալվում է լինեն նաև հանրային սեկտորից ներկայացուցիչներ: Նա նշեց, թե պետք է հասկանալ, թե հանրային սեկտորից ներկայացուցիչը  միայն մասնակցելու է աուդիտի ընտրության գործընթացի՞ն,  թե՞ մասնակցելու է նաև աուդիտորների հետ ուսումնասիրության գործընթացին:

«Հասարակության համար պարզ չի. այդ աուդիտը կամայական ուղղությամբ պետք է գնա, չկա տեխնիկական  առաջադրանք և մի փոքր դժվար պատկերացնելի է, որ դրանով վստահություն կլինի, ուստի հորդորում եմ այդ տեխնիկական առաջադրանքը կայքում հրապարակվի»,- ասաց նա:

Արտակ Մանուկյանի խոսքով՝ այս պահին մի փոքր անիմաստ հավաքված և փողոցը փակած ցուցարարները  այդ տեխնիկական առաջադրանքի դեպքում կտեսնեն ինչը չի բավարարում իրենց և առաջարկություններ կներկայացնեն և ոչ թե փողոցներում կհավաքվեն՝ պարզ չի, թե ինչի համար:

Տնտեսագետն իր կարծիքը հայտնեց, որ աուդիտը պետք է ոչ թե ուսումնասիրի 6,93 դրամի հիմնավորումը, այլ պետք է չարաշահումների ուսումնասիրությունը կատարվի՝ ողջ 48 դրամի մասով:

«Պետք է հասկանալ, թե  որքանով է օբյեկտիվ 48 դրամը, այ դա պետք է լինի տեխնիկական առաջադրանքի  նպատակը և ապա լինեն արդեն դետալները, որ որևէ  կերպ հասարակության ձայնը լսելի լինի և հասարակությունը վստահություն ունենա»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել