Tert.am-ը գրում է.

Հուլիսի 2-ից 4-ին, Երևանում կայացած Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարին մասնակցեցին և իրենց փորձը փոխանակեցին միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, աշխարհասփյուռ հայ բժիշկներ և բուժքույրեր. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համագումարն անդրադարձավ  ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության, բուժքույրական, առողջապահական կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին, քննարկեց մեր օրերում առողջապահության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Համագումարին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից` Արգենտինայից, Ավստրալիայից, Բելգիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Իրանից, ԼՂՀ-ից գրանցված 470 մասնակից, իսկ սատելիտային սիմպոզիումները հասանելի էին 1500-2000 մասնագետների:

Համագումարի ամփոփիչ նիստին ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ամփոփելով 4 տարին մեկ անգամ Հայաստանում անցկացվող համագումարի աշխատանքները` նա բոլորին շնորհավորեց փայլուն աշխատանքի համար։

«Այս համագումարը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մեզ ամփոփելու անցած ճանապարհը, վերլուծելու հաջողությունները, բացահայտելու մեր առջև ծառացած հիմնախնդիրները և գնահատելու, թե առողջապահական համակարգի ընտրած ճանապարհը որքանով է համահունչ միջազգային մարտահրավերներին»։

Նախարարն ամփոփ ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգում տեղի ունեցող զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նա նշեց, որ Հայաստանում արձանագրվում է միջազգային չափորոշչին համապատասխանող միջին կյանքի տևողություն և տարեցտարի նվազող մանկական ու մայրական մահացություն։ Ցուցանիշներ, որոնք աշխարհում բնութագրում են ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ կանխարգելիչ պատվաստումների 92 տոկոս ծածկույթի արդյունքում մահացության կառուցվածքում վարակիչ հիվանդությունների մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.9%։ Նա ներկայացրեց նաև 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած «Stent for live»  ծրագիրը, որը  հասանելի  է աշխարհի զարգացած երկրներին։ Սրտի անհետաձգելի վիրահատության այս ծրագիրը մատչելիության ապահովման հիանալի օրինակ է։  

«Մեզ համար դեռևս մտահոգիչ շատ հարցեր կան»,-շեշտեց նախարարը` անդրադառնալով առկա մի շարք հիմնախնդիրներին։ Նա մասնավորապես ընդգծեց, թե  միայն  հիվանդանոցաշինությամբ և բժշկական օգնության որակի բարելավումով համակարգն այսօր ի վիճակի  չէ հաղթահարելու  ծառացած բոլոր մարտահրավերները։

Շեշտադրելով հանրային առողջապահության կարևորությունը` Արմեն Մուրադյանը շեշտեց, որ զարգացած բոլոր երկրները նախընտրել են կանխարգելման, վաղ հայտնաբերման ճանապարհը։

«Երբ մենք այդ շրջադարձը կատարեցինք և հանրային առողջապահության ոլորտում փորձում ենք իրականացնել կանխարգելիչ բազմաթիվ ծրագրեր, ի հայտ են գալիս լրջագույն խնդիրներ` հիմնականում կապված կրթական  մակարդակի և հանրային կարծիք ձևավորելու հետ»,-ասաց նախարարը` շեշտելով, որ խոսքը վերաբերում է անկյունաքարային նշանակություն ունեցող, հանրային առողջապահությունն ապահովող ծրագրերին, որի ջատագովն է  նախարարությունը։ Թիրախը ոչ վարակիչ մի խումբ հիվանդությունների դեմ պայքարն է, որի բեռը չի կարելի թերագնահատել։

Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, ընդհանուր մահացության 80%-ը պայմանավորված է  առավել  տարածված ոչ վարակիչ 3 հիվանդությունով՝ սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ և շաքարային դիաբետ։ Հիվանդություններ, որոնք, կարծես թե, ժամանակակից տեխնոլոգիաներով ու դեղորայքով բուժվում են, բայց օրեցօր շատացող առողջապահական, սոցիալական այս բեռը ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ կանխարգելմանը։

«Հանրային առողջապահության մասնագետը չի կարող դրվագային վերլուծություններ և լուծումներ տալ»,- շեշտադրեց նախարարը։

Անդրադառնալով միջազգային փորձին` նա շեշտեց, որ հանրային առողջության ապահովման գործում գլխավոր դերակատարը սնունդն է։ «Մենք փորձում ենք այս խնդիրները ճիշտ կերպով վերլուծել և ներկայացնել։ Եզակի մարդիկ, ովքեր հստակ պատկերացնում են այդ խնդիրները և տեսնում դրանց վտանգները, հաճախ հանդիպում են հակադարձման»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարևորելով Հայաստանի և սփյուռքի բժիշկների համագործակցության արդյունավետությունը նաև այս ոլորտում։

Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համագումարի բանախոսների հետ հանդիպման ընթացքում հիվանդությունների կանխարգելումից զատ կարևորվել է նաև ամենօրյա հիվանդանոցային պատշաճ բուժման ապահովումը։ Միայն անցած տարի հիվանդանոցային բուժում է ստացել մոտ 30 հազար քաղաքացի։

«Մենք փորձում ենք լուծումներ գտնել առկա բոլոր խնդիրների լուծման համար։ Որակի ապահովումն այսօր հուզական դաշտում է, որովհետև ժամանակին չենք կարողացել չափագրել, հստակ հաշվառելի դարձնել բժշկական օգնությունը։ Որակ, որ հնարավոր չէ ապահովել առանց պրոտոկոլների։  Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցումով հաստատվեց մի օրինագիծ, համաձայն որի այսուհետև Հայաստանում գործելու են շարունակական բժշկական զարգացման գործընթացը և կրեդիտային համակարգը»,-ասաց նախարարը` հավելելով, որ օրենքով է սահմանվելու բժշկական օգնության որակը,  օրենքի ուժով են պաշտպանված լինելու բժիշկը և հիվանդը։ Բժիշկն այլևս ստիպված չի լինելու իր կարեկցանքով ու հոգատարությամբ ծածկելու առկա բացերը։

«Սա է լինելու հետագայում հիվանդանոցային բուժօգնությունը զարգացնելու ամենալավ և ամենաամուր երաշխիքը»,-ընդգծեց նախարարը։ Նա անդրադարձավ նաև այն աշխատանքներին, որ այսօր տարվում են մանկական և մայրական մահացության ցուցանիշների առավել իջեցման ուղղությամբ։ Մասնավորապես նշեց, որ նախարարությունում քննարկվում են ոչ միայն մայրական մահացության, այլև կրիտիկական բոլոր այն դեպքերը, որոնք, բարեբախտաբար, մահվան ելքով չեն ավարտվել։  Դրա շնորհիվ է, որ այսօր տարածաշրջանում առավել բարվոք ցուցանիշներ ունենք։ Բազմաթիվ ծրագրերի, սկրինինգների շնորհիվ վերջին 10 տարում մանկական մահացությունը մեզանում նվազել է 70 տոկոսով։  Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև 2015թ. հունվարի 1-ից Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը` նշելով որ դրանց շրջանակում իրականացվել է մոտ 240 հազար հետազոտություն։ Խոսեց նաև հունվարի 1-ից ներդրված  կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագրի մասին, որն իրականացվում է սոցիալական փաթեթից օգտվողների համար։  «Պետական ծառայողների, ուսուցիչների և սոցիալական փաթեթից օգտվող որոշակի այլ խմբերի համար  նախապայման ենք դարձրել տարին մեկ անգամ կանխարգելիչ զննություն անցնելը»,-տեղեկացրեց նախարարը` շեշտելով, որ դա համահունչ է բնակչությանն առողջ պահելու  գաղափարախոսությանը։ Այս գործընթացներում Արմեն Մուրադյանը կարևորեց միջազգային մոտեցումների ապահովումը։ 

«Հայաստանն իր բժշկական և բժշկագիտական ներուժով ի զորու է առկա մարտահրավերներն ընդունելու և իրականացնելու բազմաթիվ ծրագրեր։ Իսկ կրթական ծրագրերը մշտապես յուրաքանչյուր բժշկի կյանքում լինում են հիմնարար։ Այսօր շեշտում ենք, որ այս համագործակցության կարևորագույն բաղադրիչը կրթականն է»,-ասաց նախարարը` բոլորին շնորհակալություն հատնելով արդյունավետ աշխատանքի համար։  Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ Հայաստան-սփյուռք համագործությունն այսուհետ առավել շոշափելի արդյունքներ կունենա` նպաստելով հայ ժողովրդի առողջության ապահովմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել