Ինչպիսի՞ն էր Մհեր Մկրտչյանը կադրից դուրս, կուլիսների հետևում: Արխիվային նյութերի, հարցազրույցների, ձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում ստեղծվել է «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմը ներկայացնում է թատրոնում ու կինոյում մեծ Արտիստի անցած ուղին, մատնանշում արտիստի ձեռքբերումները, ներկայացնում նրա ասելիքը մարդկանց, բնության, հավերժության մասին, նրա խոհերը, մտորումները, տագնապները, հորդորները:
Ֆիլմի հիմնական ասելիքը Մհեր Մկրտչյանի խոսքն է` վերածնված հարցազրույցներից, տպագիր նյութերից, լայն հասարակայնությանն անծանոթ հազվագյուտ ձայնագրություններից: 
Արտիստի խոսքի մի մասը ներկայացվում է լեյտմոտիվով` իր լուսանկարով, մեծամասամբ` կադրերի համադրությամբ: Ֆիլմերից հատվածների ներկայացման լեյտմոտիվը կառքով գնալու կադրերն են: 
Ֆիլմում Մհեր Մկրտչյան արտիստը ներկայանում է և’ որպես կոմիկ, և’ որպես ողբերգակ` երկուսն էլ հավասարապես հոգեհարազատ իրեն, կերպարները համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ: 
Մեծ կարևորություն է տրված և հատկապես շեշտված Արտիստի հաջողությունների բանալին հանդիսացող դերի պատրաստման նրա կերպը` մեծ պատասխանատվությունը հանդեպ հանդիսատեսը, որը նրան դրդում էր իմպրովիզացիաների միջոցով անընդհատ կատարելագործել իր մարմնավորած կերպարները, դրանք դարձնել հանդիսատեսին ավելի սիրելի ու հոգեհարազատ:
Մհեր Մկրտչյանը որքան սիրելի և ընդունելի էր կինոյում, նույնքան էլ կամ գուցե ավելի շատ ընդունելի էր որպես թատրոնի դերասան: Ուստի ֆիլմում Մկրտչյանը ներկայանում է նաև որպես հայ բեմի երախտավոր` իր մեկնությունները կան ընդհանրապես թատերական արվեստի և մասնավորաբար իր մարմնավորած կերպարների մասին: Հատվածներ կան «Պաղտասար աղբար» և  «Հացթուխի կինը» ներկայացումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել